Մատչելիության հղումներ

«Ժողովուրդը ոտքի կկանգնի և թույլ չի տա, որ Փաշինյանն անի այն, ինչ իր խելքին փչում է». ընդդիմադիր պատգամավոր 


Հայաստանի և Արցախի շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և լիազորություն չունի ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։ Հայտարարությանը միացել է նաև Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը։

Երեկ Ռեյկյավիկում, այսօր էլ կառավարության նիստում Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։ Իսկ սա Խորհրդային Ադրբեջանի տարածքն է, որ մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը։

Մինչդեռ հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերի համոզմամբ, այդօրինակ ձևակերպմամբ փաստաթուղթը կհակասի ինչպես Հայաստանի սահմանադրությանը, այնպես էլ միջազգային այն նորմերին, որոնք ամրագրում են Արցախի ինքորոշման իրավունքը։

Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան

Հայտարարությունը ստորագրած «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը որպես արգելող դրույթ օրինակ է բերում 1992 թվականի Գերագույն խորհրդի որոշումը. - «Ժողովուրդը ոտքի կկանգնի այդ վճռական պահին և թույլ չի տա, որ Փաշինյանն անի այն, ինչ իր խելքին փչում է։ Ինքը իրավունք չունի, որովհետև, նախ, 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի այն ժամանակվա Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, որով իմպերատիվ կերպով արգելել է Հայաստանի իշխանություններին ստորագրել որևէ փաստաթղթի տակ, որտեղ Ադրբեջանը իր ինքնիշխանությունը կտարածի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա։ Նա իրավունք չունի խախտելու Գերագույն խորհրդի որոշումը, դա օրենքով ամրագրված պարտավորություն է»։

«Բացառված է Հայաստանի իշխանությունը անի գործողություն, որը կխչընդոտի Արցախի ժողորդի իրավունքեր իրացմանը ՝ այդ թվում ինքնորոշման»

Իշխանությունից հակադարձում են, թե երբ պատրաստ կլինի ստորագարման ենթակա փաստաթուղթը, այն կունենա նաև սահմանադրական մարմինների եզրակացությունները։

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համաձայն չէ այն պնդումներին, թե Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, այսօրվա իշխանությունը կզրկի արցախցիներին ինքնորոշվելու իրավունքից, քանի որ դա միջազգային իրավունք է. - «Դա ամենևին չի նշանակում, որ ինքնորոշման իրավունքի համար Արցախի ժողովուրդը չի կարող պայքարել, և որ որևէ մեկը կարող է զրկել Արցախի ժողովրդին»։

Չնայած Փաշինյան-Ալիև-Միշել բանակցություններից հետո ևս Բաքուն հայտարարել էր, որ Ղարաբաղի հայերի հետ հարաբերություններն իր ներքին գործն է, իշխանական պատգամավորը վստահեցնում է, թե Հայաստանն ամեն ինչ անում է, որ միջազգային երաշխիքների ներքո Բաքուն ու Ստեփանակերտը խոսեն միմյանց հետ, և որ արցախցիները իրենց հողում անվտանգ ապրելու հնարավորություն ունենան. - «Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բացառված է, որ անեն որևէ գործողություն, որը 0,01 տոկոսով կխոչընդոտի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների իրացմանը և անվտանգության ապահովմանը»։

Դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հակադարձում է՝ Փաշինյանը իրավունք չունի որոշելու Արցախը Ադրբեջանի կազմում է, թե ոչ, նման լիազորություն նա չունի։ Ավելին, ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է վարչապետի 2021 թվականի նախընտրական խոստումները, որոնք հակասում են այսօրվա իր հայտարարություններին. - «Իրենց նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա գրված է՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա, և Արցախի անջատում հանուն փրկության՝ այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդը ապագա չունի։ Իսկ նրանք, ովքեր իր օգտին քվեարկել են, այս պահին խաբված են... ինքը մի բան խոստացել է, ուրիշ բան անում է»։

Խաչատրյանը հուսով է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրելու դեպքում մեծ ընդվզում կլինի. - «Ես գոնե հույս ունեմ։ Որովհետև բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի այդ քաղաքականությունը չի վայելում ժողովրդի աջակցությունը»։

Իշխանությունը, մինչդեռ, պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորգարմանը, նույնիսկ եթե, ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն է ասում՝ քաղաքական որոշ գործիչներ ջնջվեն աշխարհի երեսից. - «Եթե լինի փաստաթուղթ, որը կապահովի երկարատև խաղաղություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ, մենք կստորագրենք էդ փաստաթուղթը։ Թե դրանից հետո ինչ տեղի կունենա, թող ժամանակը ցույց տա»։

Հարցին, թե արդյոք մտավախություն չունեն, որ եթե ստորագրվի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում, մեծ ընդվզում կլինի և իրենց գուցե հեռացնեն իշխանությունից, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Պետության առաջ դրված ա մի նպատակ, որին պետք ա հասնենք։ Թե էդ նպատակին հասնելու ճանապարհին քանի քաղաքական գործիչ կջնջվի աշխարհի երեսից, էդ, կներեք, բայց մեզ քիչ ա հետաքրքրում։ Կարևորը, որ էդ նպատակը իրականացվի»։

Հաշվի առնելով փաստաթուղթ ստորագրելու իշխանության պատրաստակամությունը, հայտարարությունից բացի ի՞նչ է անելու ընդդիմությունը։ «Գործողություններ, որոնք թույլ չեն տա, որ Փաշինյանը ստորագրի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին փաստաթուղթը։ Իսկ եթե ստորագրի՝ նաև գործողություններ դրանից հետո», - ասում է դաշնակցական պատգամավորը։ - «Ամսի 20-ի մեր հանրահավաքը Կոռնիձորում նաև ուղերձ է Փաշինյանին, որ ժողովուրդը քնած չի»։

Վարչապետ Փաշինյանին ուղղված շուրջ երեք տասնյակ քաղաքական ուժերի հայտարարությանը հրաժարվել է միանալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունը։ Հայ ազգային կոնգրեսը ընդգծում է, որ խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների վարած ղարաբաղյան քաղաքականությունը, սակայն չի կարող միանալ «միջազգային իրավունքի տեսակետից մի շարք կետերով խոցելի հայտարարությանը»։ ՀԱԿ-ը սակայն չի հստակեցրել, թե որ կետերն է համարում խոցելի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG