Մատչելիության հղումներ

Լավրովը ԱՄՆ-ին ու դաշնակիցներին է մեղադրում «ռուսներին ՀՀ-ից քշելու» ծրագրերի համար. Երևանը դեռ չի արձագանքել


Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ «քշեք ռուսներին, կօգնենք ապահովել ձեր անվտանգությունը», «Ցարգրադ» հեռուստաալիքի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ես տեղյակ եմ, մենք ունենք նման տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները հայերին ազդակներ են ուղարկում՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, և սահմանապահներին քշեք, և ռազմակայանը հանեք, մենք կօգնենք ապահովել ձեր անվտանգությունը», - պնդել է Լավրովը՝ Արևմուտքի գործողությունները որակելով «բացահայտ սադրանք»։

Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ ժամանակակից քաղաքական գործիչները դասեր կքաղեն պատմությունից, մասնավորապես փաստից, թե ինչպես են զարգանում հարաբերությունները հեգեմոնի հետ, ով ցանկանում է իրեն պարտադրել բոլորին. - «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքն իրեն պահում նրանց հետ, ում վրա նախկինում ինչ-որ խաղադրույք է կատարել»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով «Ազատություն»-ը դիմել է Հայաստանի արտգործնախարարություն, դեռ չեն արձագանքել:

Հայ-ադրբեջանական բրյուսելյան կիրակնօրյա բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր՝ ԵՄ-ն չունի թաքնված օրակարգ, իրենց նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին օգնելն է՝ հասնելու համապարփակ ու արդար խաղաղության։

Արևմուտքի մասին Լավրովի այս մեղադրանքները նախորդում են ուրբաթ օրը Մոսկվայի միջնորդությամբ կայանալիք արտգործնախարարների հայ-ադրբեջանական բանակցություններին, հաջորդում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների վերջին օրերի հայտարարություններին, որ Երևանում ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ են եղել՝ վարչապետի ղեկավարությամբ անցկացված Անվտանգության խորհրդի նիստում։ Այս պահին, սակայն, հայաստանցի պաշտոնյաները հավաստիացնում են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա։

Կազմակերպությունը լքելու քննարկումը, ըստ փոխարտգործնախարարի, հաջորդել է անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակմանը, երբ Հայաստանը դաշինքի գործընկերներից ակնկալում էր ռազմական օգնություն, որը չստացավ։ Ապա Երևանը առկախեց ՀԱՊԿ-ի առաջարկը՝ դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին՝ արժանանալով Մոսկվայի քննադատությանը, թե դիտորդների հարցում ՀԱՊԿ-ի փոխարեն Հայաստանը նախապատվությունը տվել է Եվրամիությանը։

Երևանի մինչև այսօր հնչող պահանջն է՝ տեղակայումից առաջ նախ քաղաքական գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային:

Հայաստանը իր դժգոհությունները նաև գործնականում արտահայտեց՝ կառավարությունը չեղարկեց Հայաստանում ծրագրված ՀԱՊԿ զորավարժությունները և հրաժարվեց Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

«Ցարգրադ»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը կարծիք է հայտնել, թե սահմանային վիճակն այսօրվանից ավելի լավ կլիներ, եթե կազմակերպության դիտորդները տեղակայվեին Հայաստանում։

«2022 թվականի աշնանը՝ կազմակերպության Երևանում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ, մի փաստաթուղթ էր մշակվել, որով մեր հայ դաշնակիցների խնդրանքով նախատեսվում էր հայկական տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել։ Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցվել էր արտգործնախարարների մակարդակում։ Հետագայում, վերջին պահին՝ գագաթնաժողովի ընթացքում, մեր հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն իսկ համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման, ես համոզված եմ՝ Հայաստանը շահեկան դիրքում կհայտնվեր և ավելի կայուն վիճակ կունենար», - պնդել է Լավրովը՝ ընդգծելով, որ այդ նախագիծը շարունակում է մնալ թղթի վրա և պատրաստ է կյանքի կոչվելուն։

Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են՝ այս՝ չստորագրված փաստաթղթի մասին խոսելով էր երեկ Հայաստանի փոխարտգործնախարարն ասել, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջև քննարկումները շարունակվում են։

XS
SM
MD
LG