Մատչելիության հղումներ

Բանակցություններն ընթանում են ԼՂ-ի իրավունքների ու անվտանգության միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցի շուրջ. փոխարտգործնախարար


Իշխանությունն անգամ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունից հետո բարձրաձայն չի ասում, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Չնայած Շարլ Միշելին այդ հայտարարությունից հետո Երևանը չի հերքել։

Եվրոպական խորհրդի նախագահը բրյուսելյան կիրակնօրյա բանակցություններից հետո հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Այս անգամ Շառլ Միշելը հատուկ ընդգծեց երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Ճշտող հարցին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի հարց չի՞ քննարկվում, արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը կրկնում էր նույն պատասխանը՝ բանակցություններն ընթանում են ԼՂ-ի իրավունքների ու անվտանգության միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցի շուրջ։ Ո՞ր երկիրն է պատրաստ տալ միջազգային այդ երաշխիքը, Սաֆարյանն ասաց՝ նաև դրա շուրջ են բանակցությունները։ Մի շարք տարբերակներ կան, դա կարող է լինել առանձին երկիր, կամ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։

«Բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի շրջանակներում», - ասաց փոխարտգործնախարարը:

Հարցին՝ «եթե Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության շուրջ է բանակցությունը, ստացվում է՝ ո՞ր երկրի կազմում, այսինքն՝ Ադրբեջանի կազմում, Հայաստանի կազմում», Սաֆարյանը պատասխանեց. - «Բանակցությունները դեռևս ընթանում են, դուք ինձ հիմա հարցնում ենք արդյունքների շուրջ»:

«Ազատության» հարցին՝ եթե բանակցություններում որևէ առաջընթաց չկա՝ Ադրբեջանը մնում է իր տեսակետին, ասում է, որ Ղարաբաղի հետ չի նստի նույն սեղանի շուրջ, Հայաստանը մնում է իր տեսակետին, պնդելով, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակներում պետք է այդ երկխոսությունը տեղի ունենա, այս պայմաններում ինչպե՞ս է Հայաստանը, ինչպես Միշելը հայտարարեց, ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արտաքին գործերի փոխնախարարը պատասխանեց. - «Ինչպես գիտեք, տարածքային ամբողջականությունը միշտ էլ ճանաչվել է, այսինքն այստեղ նոր բան դժվար թե լինի այս առումով: Այս պահին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների շրջանակներում ապահովման շուրջ»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Ռուստամյանը կարծում է՝ բրյուսելյան բանակցություններում շահողը միայն Ադրբեջանն է եղել։

«Պահանջ ու պարտավորություն այսօր Ադրբեջանն ուղղակի անտեսում է, այսօր միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: Բա եթե Հայաստանը չի բարձրաձայնում, ասում է՝ լավ, մի տող չե՞ք ուզում գրեք, որ ժողովուրդն ընդեղ արյունաքամ է լինում, գոնե դա գրեք: Անհապաղ էդ հարցը պետք է լուծվեր, եթե էդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվելու», - ասաց ռուստամյանը:

Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո առայժմ հստակություն չկա Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի հետքաշման, գերիների հնարավոր վերադարձի շուրջ։ Փոխնախարարն էլ այսօր չուներ պատասխան:

«Իրենց կողմից պետք է դա արվի նաև, եթե ինքը այդպիսի հայտարարություն է անում, երևի իրենց կողմից քայլեր կլինեն», - նշեց Մնացական Սաֆարյանը:

Հարցին՝ «ի՞նչ է ենթադրում ետվերադարձ, բոլոր երեք տասնյակից ավելի հայ գերիները կվերադառնա՞ն Հայաստան, ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, արդյոք Երևանը պատրա՞ստ է Ադրբեջանին հանձնել սահմանախախտ երկու ադրբեջանցիներին, որոնցից մեկը Հայաստանում սպանության համար է մեղադրվում», փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Դեռ վաղ է դրա մասին խոսել, պայմանավորվածության մասին նոր է հայտարարվել, մանրամասներ չենք կարող հայտնել»:

Արտգործնախարարների ռուսաստանյան բանակցությունները, ըստ Մնացական Սաֆարյանի, ընթանալու են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG