Մատչելիության հղումներ

Պետությունը մտադիր է մասնավորից հետ վերցնել «Կուկուռուզնիկի» տարածքը


Պետությունը մտադիր է հետ վերցնել Երևանի խորհրդանիշներից մեկի՝ «Երիտասարդական պալատի» տարածքը «Ավանգարդ սիթիից»՝ դատարանից պահանջելով չեղարկել մոտ երկու տասնամյակ առաջ իշխանությունների ու մասնավորի, իրավապահների գնահատմամբ, ապօրինի գործարքը։

«Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար են եղել Վարչական դատարան հայց ներկայացնելու համար, և Վարչական դատարանում վիճարկվում է քաղաքապետի որոշումը։ Ինչպես նաև խնդրել ենք վերացնել հետևանքները։ Նպատակն այն է, որ Սարալանջ 1 հասցեում գտնվող 31 հազար 780 քառակուսի կիլոմետր հողատարածքը վերադառնա պետական սեփականություն», - «Ազատությանն» ասաց դատախազ Աղավնի Մադոյանը։

2004 թվականին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը որոշել է «Կուկուռուզնիկի» ավելի քան 31 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքը վաճառել այն ժամանակ «Ավանգարդ մոթորս» կոչվող ընկերությանը։

Այս գործն ուսումնասիրած դատախազ Աղավնի Մադոյանի հաշվարկներով՝ հողամասն, առանց պատշաճ հիմնավորումների, օտարվել է մոտ 63 միլիոն դրամով՝ շուկայական արժեքից ավելի քան 4 միլիարդ պակաս գնով, ընդ որում՝ ողջ գործարքը կատարվել է ընդամենը մեկ օրում։

«Փորձել են հնարավորինս արագ գործընթացը կազմակերպել և կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, նշված հողամասը օտարեն նշված ընկերությանը», - ասաց դատախազը։

Թե ինչու են շտապել, պարզ չէ, բայց որ հունվարի 16-ին կադաստր են ուղարկել հունվարի 17-ով թվագրված փաստաթղթեր, ակնհայտ է, ասում է դատախազը։

«Գնման նախապատվության իրավունքի համար օրենսդրությամբ անհրաժեշտ որևէ պայման առկա չի եղել, և նման պայմաններում գնման նախապատվության իրավունք չէր կարող տրվել։ Հունվարի 16-ին ներկայացվել է հունվարի 17-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնությունը, ինչպես նաև հողամասի առուվաճառքի պայմանագիրը», - ասաց Մադոյանը։

«Ավանգարդ սիթիի» տնօրենը չցանկացավ մեկնաբանություն տալ

«Ավանգարդ սիթիի» տնօրեն Սերգեյ Ավետիսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ խոստանալով հետո կապ հաստատել «Ազատության» հետ։

Դատախազությունը գործն ուղարկել է Վարչական դատարան, դեռ հայտնի չէ՝ դատարանը վարույթ է ընդունել այն, թե՝ ոչ։ Ընդունելու դեպքում սեփականատեր «Ավանգարդ Սիթին» որևէ գործարք տարածքի հետ կապված չի կարող անել։

Այս ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների, պահեստամասերի ներմուծմամբ։ Այժմ «Կուկուռուզնիկի» տարածքում կայանված են «Ավանգարդ Սիթիի» ավտոմեքենաները։

Ընկերության հիմնական բաժնետերը Էդվարդ Ավետիսյանն է, ով դեռ 13 տարի առաջ էր հայտարարել՝ 70-ականներին կառուցված «Երիտասարդական պալատի» տեղում կկառուցվի նոր՝ միջազգային չափանիշներով գործարար-կենտրոն «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցով։

Ասել էր նաև, թե պայմանագիրը «Ինտերկոնտինենտալի» հետ կնքված է, բայց այս նախագիծը հավանության չէր արժանացել քաղաքային իշխանության և ճարտարապետների միության կողմից։ Դրանից հետո հայտարարվել էր միջազգային մրցույթ։

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը հիշում է՝ մրցույթին 300 առաջարկ ներկայացվեց։

«Որևիցե նախագիծ առաջնություն չստացավ, վերջում ընտրվեց մի ճապոնացու նախագիծ, որը պետք է իրականացվեր, բայց դա էլ մեծ գումարների հետ էր կապված երևի թե, ես արդեն մանրամասնությունները չեմ իմանում», - «Ազատությանը» փոխանցեց Մինասյանը։

Թե ինչու նախագիծը կյանքի չկոչվեց, պարզ չէ։ Հստակ է միայն, որ օտարման ժամանակ ճարտարապետները դեմ էին խորհրդային մոդեռնիզմի լավագույն նմուշներից մեկը համարվող պալատը քանդելուն։

Ըստ Մինասյանի՝ իշխանությունները պատճառաբանում էին, թե շենքը վթարային վիճակում է, այլևս շահագործման ենթակա չէ: Բայց քանդելու փոխարեն կարելի էր պարզապես ամրացնել, ասում է հայտնի ճարտարապետը։

«Ճիշտը նա է, որպեսզի եղած շենքերը պահպանվեն, որովհետև դա միայն առաջին շենքը չի, որ էդ վիճակին արժանացավ։ Առաջին շենքը, որ արժանացավ էդ վիճակին, դա Բունիաթյանի Սևան հյուրանոցն էր, որը նույն պատճառաբանությամբ քանդվեց, որ նա չի դիմանա երկրաշարժին, հասկանո՞ւմ եք, մի ամբողջ շարք կրկնվեց այդպես», - ասաց Մինասյանը։

Տարածքը վերադարձնելու մտադրությունից բացի, իրավապահները նաև քրեական գործ են հարուցել՝ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և այլ պաշտոնյաների կողմից պաշտոնական կեղծիք կատարելու համար։

Չի բացառվում, որ Զախարյանին մեղադրեն կեղծիքի համար, սակայն մի քանի այլ գործերի պես, այստեղ կրկին առաջ է գալիս վաղեմութան ժամկետի հարցը։ Օրինակ, Մոնումենտի 17 հազար քառակուսի մետր օտարելու գործով նույն Զախարյանը ազատվել է քրեական հետապնդումից, քանի որ անցել է ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG