Մատչելիության հղումներ

2009-ին Երևանի քաղաքապետի կողմից առերևույթ կաշառառության դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին:

Մասնավորապես, ԱԱԾ մամուլի կենտրոնի այսօր տարածած հաղորդագրության համաձայն, «փաստական տվյալներ են ստացվել, որ 2009 թվականին Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ 2009 թվականի ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք, իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 քառակուսի մետր մակերեսով բնակարան»:

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Պաշտոնական աղբյուրը ոչ հաղորդագրությունում, ոչ էլ «Ազատության» հարցմանն ի պատասխան չհստակեցրեց, թե որ քաղաքապետի մասին է խոսքը․ մինչև 2009-ի մարտը Երևանը ղեկավարել է Երվանդ Զախարյանը, ապա՝ Գագիկ Բեգլարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG