Մատչելիության հղումներ

Դատախազը նշում է՝ ունեն փաստերը պնդելու, որ Վլադիմիր Գասպարյանին պատկանում են օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքեր


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ներկա չէր իր ունեցվածքի բռնագանձման դատավարությանը։ Իսկ նրա փաստաբանն առարկեց դատախազության դիմումին, որով իրավապահները Գասպարյաններից պահանջում են պետությանը փոխանցել շուրջ 5 միլիոն դոլարի գույք ու ավելի քան 425 հազար դոլար։ Դատախազության գնահատմամբ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան այս ունեցվածքը ապօրինի է ձեռք բերել։

Գասպարյանների փաստաբանը պահանջեց, որ նիստը չնկարահանվի։ Դատախազ Համլետ Հարությունյանը, մինչդեռ, նիստից հետո «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իրենց հայցը հիմնավոր է։

«Եթե մենք չունենայինք, մեր դիտարկմամբ, անհրաժեշտ այն փաստական տվյալների ծավալը և այն ապացույցները, որոնք, մեր դիտարկմամբ, որոշակի գույքերը գնահատել ենք օրինական եկամուտներով չհիմնավորվող, այդ պարագայում մենք հայցադիմում ներկայացնելու առհասարակ ի սկզբանե չէինք ունենա: Հետևաբար, եթե ուսումնասիրության արդյունքներով կազմվել է ամփոփագիր, այնուհետև եզրակացություն և որոշում է կայացվել հայցադիմում ներկայացնելու դատարան, ապա դատախազության գնահատմամբ՝ իր ձեռքի տակ առկա են այն բոլոր անհրաժեշտ փաստերը և ապացույցները, որոնց հիման վրա մենք մեր գնահատականները կարող ենք ներկայացնել, որ Վլադիմիր Գասպարյանին պատկանում են որոշակի ծավալով և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքեր», - նշեց նա:

18 տարի բարձր պաշտոններ զբաղեցրած 64-ամյա Գասպարյանն անցնում է մի շարք կոռուպցիոն գործերով։ 2018-ի հեղափոխությունից հետո ոստիկանապետի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտի ու ընտանիքի անդամների հետ դատարանում իր ունեցվածքի օրինականությունը պետք է ապացուցի նաև զոքանչը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազը չհստակեցրեց՝ արդյո՞ք իրենց թիրախում է նաև Գասպարյանի ընտանիքին պատկանող Մոնումենտի հայտնի դղյակը, որը սկզբում գնել էր զոքանչը, հետո վաճառել թոռանը՝ կրտսեր Գասպարյանին։

«Միայն կարող եմ նշել, որ ինչպես նախկինում դատախազությունը նաև տարածել էր հայտարարություն, և նաև ԶԼՄ-ներով էինք մենք հանդես եկել, մենք նշել էինք, որ այս պահի դրությամբ օրինական եկամուտներով չհիմնավորվող են գնահատվել դատախազության կողմից Երևան քաղաքում թվով չորս անշարժ գույքեր, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում թվով երեք անշարժ գույքեր, երեք տրանսպորտային միջոց, ավանդային միջոց, և որոշակի նաև դրամական պահանջ է ներկայացվել», - հավելեց դատախազը:

Գլխավոր դատախազությունն արդեն նախկին պաշտոնյաների դեմ ավելի քան երկու տասնյակ հայց է ուղարկել դատարան։ Դրանց օրերս ավելացել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Գևորգ Կոստանյանի և Տարոն Մարգարյանի ունեցվածքն ապօրինի որակելու դիմումները։ Իրավապահները պնդում են՝ թե նախկին գլխավոր դատախազի, թե Երևանի նախկին քաղաքապետի ունեցվածքը կասկածելի ճանապարհով են ձեռք բերվել, և եթե նրանք դատարանում չապացուցեն հակառակը, ապա միլիոնների հասնող գույքն ու եկամուտները կփոխանցվեն պետությանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը գործում է 2020 թվականից։ Դատախազության տվյալներով՝ մինչև 2022 թվականը կատարել են 356 ուսումնասիրություն, 67 գործերով գույքերն ու եկամուտները արգելանքի տակ են դրվել։ Դատարանում քննվող 21 դիմումներով դատախազությունը պահանջում է պետությանը փոխանցել ավելի քան 100 միլիարդ դրամ։ Այս գործերով դեռևս ուժի մեջ մտած վճիռ չկա՝ որևէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա գույք ու գումար պետությանը չի փոխանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG