Մատչելիության հղումներ

Նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քմ տարածքի օտարման փաստով հարուցվել է քրգործ․ ՀՔԾ


Երևանի «Հաղթանակ» զբոսայգին, արխիվ
Երևանի «Հաղթանակ» զբոսայգին, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ 2008 թվականին Երևանի այժմ նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքը, փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:

«Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ զբոսայգու տարածքից: Այնուհետև Երևանի քաղաքապետի կողմից ծառայության շահերին հակառակ կայացված մեկ այլ՝ 08.04.2008թ. որոշմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված և օտարման ոչ ենթակա վերը նշված հողատարածքը կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով (այսինքն` 1քմ-ն ընդամենը 16.476 ՀՀ դրամով), ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը», - ասված է հաղորդագրությունում:

«29.05.2015թ.-ին հիշյալ ընկերությունն այդ հողատարածքի գրավադրմամբ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկից ստացել է 2.800.000 ԱՄՆ դոլար վարկ: Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը», - շարունակում է ՀՔԾ-ն:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներում առերևույթ առկա են Երևանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, որպիսի արարքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին, այս տարվա օգոստոսի 30-ին որոշում է կայացվել դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի [«Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»] 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջ ծավալով բացահայտելու և մեղավորներին ի հայտ բերելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ 2008 թվականին Երևանի քաղաքապետը եղել է Երվանդ Զախարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG