Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ից դեռ չեն հայտնում՝ արդյոք Երվանդ Զախարյանը հարցաքննվել է հարուցված քրգործի նախաքննության ընթացքում


Երվանդ Զախարյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) դեռ չեն հայտնում՝ արդյո՞ք Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հարցաքննվել է ծառայությունում վերջերս հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում։

Գերատեսչությունը նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, որ 2008-ին Երևանի նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ ու չնչին գնով օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքը։ Զախարյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2009 թվականներին:

Ըստ հաղորդագրության, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծում անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել 10 հազար քառակուսի մետր տարածքը։ Բացի այդ, հողատարածքը վաճառվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ընկերությանն ընդամենը 164 միլիոն 760 հազար դրամով, քառակուսի մետրը՝ 16 հազար 476 դրամ։ Մինչդեռ 2015-ին «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ընկերությունը հողատարածքի գրավադրմամբ 2 միլիոն 800 հազար դոլարի վարկ է ստացել Հայաստանի բանկերից մեկից։

«Հետագայում ընկերության և բանկի միջև կնքված մի շարք համաձայնագրերով վարկային պայմանագրում կատարված փոփոխություններով համագործակցության գումարը հետզհետե ավելացել է՝ հասնելով մինչև 12 միլիարդ ՀՀ դրամի, ինչը շուրջ 70 անգամ գերազանցում է տվյալ հողատարածքի ձեռք բերման արժեքը», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Գոլդեն Փելես» հյուրանոցի փոխարեն «Հաղթանակ» զբոսայգու տարածքում հիմա «Ռեդիսոն Բլու» հյուրանոցն է։ Ի դեպ, այս հյուրանոցի ղեկավարը՝ Արտաշես Ավետիսյանը Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին է։ Նրան են պատկանում նաև Հյուսիսային պողոտայում և Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցները։ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելեսն» արդեն տևական ժամանակ է՝ չի գործում. հայտնի է, որ նախկին պաշտոնյայի ընտանիքը պատրաստվում է այն նվիրաբերել պետությանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը «Ազատությանը» տեղեկացրեց նվիրաբերման գործընթացը ընթացքի մեջ է, շուտով որոշման նախագիծը կուղարկեն կառավարություն։ Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել, Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին այդ գործով անցնում է։ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անցած տարի լրագրողների հետ զրուցում հայտնել էր, որ գույքի ձեռքբերման միջոցների օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ և Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել ծառայության կողմից հիմնավորված ապօրինի գույքը նվիրաբերել պետությանը։

Իսկ «Հաղթանակ» զբոսայգու տարածքից 10 հազար քառակուսի մետր հողատարածքն ապօրինի կերպով օտարելու քրեական գործը հարուցվել է Երևանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածով։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նրա գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքի օրինական շահերին:

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը համոզված է՝ Զախարյանի ղեկավարման ընթացքում Երևան համայնքն ու բազմաթիվ բնակիչներ են տուժել անօրինական՝ կոռուպցիոն գործարքների հետևանքով։ Ասում է՝ դրա վառ օրինակը Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն են, որոնց տարածքներն ու սեփականությունն ապօրինի օտարվել ու չնչին գնով վաճառվել են։

«Երվանդ Զախարյանը կայացրեց այսպիսի որոշում, որ կառավարության որոշման այսինչ կետում նշված «Ավան տուր» ՍՊ-ի փոխարեն կարդալ «Վիսկոն» ՍՊ, այսինքն ինքն է կառավարության որոշման մեջ անում փոփոխություն, բայց հետաքրքիրը նա է, որ այդ «Վիսկոն» ՍՊ-ն դա էն չարաբաստիկ «Վիսկոն» ՍՊ-ն է, որը օտարել է Յուրի Վարդանյանի գույքը, որի համար այսօր Եվրոպական դատարանով կա վճիռ, որ մենք պետք է հարկատուներս մեր հաշվին վճարենք 1 միլիոն 608 հազար եվրո», - նշեց Բաղդասարյանը։

«Ազատություն»-ը փորձեց այս հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Երվանդ Զախարյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Զախարյանը տարբեր տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, քաղաքապետից բացի եղել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, այնուհետև՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Այս պաշտոնից նա ազատվել է 2016 թվականին՝ Սերժ Սարգսյանի հրամանով։

XS
SM
MD
LG