Մատչելիության հղումներ

Մեղքը չընդունող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայհոյեց դատարանի բակում


Կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր դատական նիստից առաջ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, փոխարենը հայհոյանքներ տվեց ու պահանջեց իրեն հանգիստ թողնել։

«Գնացե'ք հա ստեղից... Ֆսյո, գնացե'ք, թողեք ես անցնեմ։ Դո'ւք էլ, դատախազությո'ւնն էլ... գնա' դեմիցս, զզվըցրիք արա... էշացել եք արա»։

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի և ևս երկու նախկին ոստիկանների դատավարությունը։ Նրանք մեղադրվում են պետական միջոցները վատնելու, յուրացնելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով։

«Այս մեղադրանքը կարելի է ասել կառուցված է որոշակի անձանց, որոշակի մարմինների զուտ երևակայական այսպես ասած ինչ-որ մտքերի հետ կապված։ Որևէ փաստական տվյալ, որը կհամապատասխանի թե' թույլատրելիության, թե' արժանահավատության չափանիշին, չի հաստատում այն հանգամանքը, որ Գասպարյանը կատարել է իրեն վերագրվող արարքները», - լրագրողներին ասաց նախկին ոստիկանապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

64-ամյա Գասպարյանը մեղքը չի ընդունում։ Ըստ իրավապահների, 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը Զինվորական ոստիկանության վարչության պետի, հետագայում էլ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինածառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։ Իրավապահների գնահատմամբ, այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։

Սրանով, սակայն, Գասպարյանն առաջադրված մեղադրանքը չի ավարտվում։ Նա մեղադրվում է նաև 2011-2018 թվականներին, երբ արդեն ոստիկանապետն էր, ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 միլիոն և 10 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ իր դստեր պրոդյուսերին հատկացնելու համար։

Փաստաբան Ալեքսանյանը պնդում է, թե գործում չկա որևէ ապացույց, և դա դատաքննության ընթացքում կերևա։ Նրա խոսքով, Գասպարյանը կարող էր չիմանալ, որ իր ենթակաները աշխատանքի չեն եկել, բայց վարձատրվել են. - «Իսկ ո՞վ ասեց, որ ես գիտեմ ինքը աշխատանքի չի հաճախում։ Ամբողջ խնդիրը հենց դրանում ա, որ պետք է ողջ ապացույցները բավարարարության և արժանահավատության և վերաբերելիության տեսանկյունից գնահատենք։ Ամեն մի իրողություն չի, որի մասին պիտի պետը իմանա»։

Մինչև հիմա, սակայն, բաց է մնում այս հարցի պատասխանը՝ եթե Գասպարյանը չի ընդունում, որ իր ենթակայության տակ աշխատող զինվորները պետբյուջեից փող են ստացել ու աշխատանքի գնալու փոխարեն հսկել Սերժ Սարգսյանի եղբայրների անվտանգությունը, ինչպե՞ս է ստացվում, որ դատախազության սահմանած 64 միլիոն դրամ վնասի մեծ մասը՝ 54 միլիոնը վերականգնել է հենց Ալեքսանդր Սարգսյանը։

«Ես ձեզ նման տեղեկություն չեմ կարող հայտնել։ Կարող եմ հայտնել հետևյալը. հափշտակության մասին որևէ կերպ խոսք չի կարող գնալ», - արձագանքեց փաստաբանը։

Գեներալ Գասպարյանի հետ ամբաստանյալի աթոռին հայտնված նրա տեղակալը ևս չի ընդունում մեղքը։ Ըստ մեղադրանքի, հենց Լևոն Երանոսյանն է ամեն ամիս իր ստորագրությամբ հաստատել է ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա ոստիկանապետի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է ավելի քան 9 միլիոն դրամ։ Իրավապահների փոխանցմամբ, ոստիկանությունում աշխատանքի անցած Գասպարյանի դուստրը երբեք գործի չի գնացել։

Լևոն Երանոսյան
Լևոն Երանոսյան

«Ես չեմ ընդունում ոչ մեղադրանք, ինչի՞ մասին ա խոսքը։ Դատական նիստերը գնում ա, վերջում պարզ կըլնի», - «Ազատութանն» ասաց Երանոսյանը։

Մինչ ամբաստանյալները հերթով պնդում են, թե դատաքննության ընթացքում կապացուցվի իրենց անմեղությունը, դատախազ Տիգրան Ենոքյանը հավաստիացնում է՝ ապացույցները բավարար են, մեղսագրված արարքներն էլ հիմնավորված. - «Հիմա, արդեն դատաքննության փուլում դուք կարող եք ականատես լինեք ըստ հրապարակված փաստաթղթերի նաև, թե ինչն է մեղադրող կողմը դրել ապացույցների հիմքում, որ բոլոր մեղսագրված արարքներն էլ հիմնավոր են»։

Հաջորդ դատական նիստը մայիսի 10-ին է։ Ինչպես այսօր, այդ նիստին դատարանը կուսումնասիրի ապացույցները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG