Մատչելիության հղումներ

Լևոն Սարգսյանի դուստրն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը հրավիրվել են դատախազություն


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի դուստրն ու պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը հրավիրվել են Գլխավոր դատախազություն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Թե խոսքը մասնավորապես ինչ գույքի մասին է, դեռևս հայտնի չէ։

«Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում տեղադրված ծանուցագրերում մանրամասներ չկան։

Սարգսյանների քրեական գործերով զբաղվող փաստաբան Երեմ Սարգսյանն «Ազատությանն» ասաց, որ այս մասով ինքը դեռ համաձայնություն չունի մեկնաբանություն տալու։ Անի Սարգսյանը, ինչպես նաև նրա հայրը՝ Լևոն Սարգսյանն ու եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, մեղադրվում են ապօրինի հարստանալու և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Լևոն Սարգսյանը հետախուզվում է, նրա խափանման միջոցը կալանավորումն է ընտրվել։ Դստեր՝ Անի Սարգսյանի ու որդու՝ Նարեկ Սարգսյանի դեպքում՝ ստորագրությունը չհեռանալու մասին։

Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը հուլիսի 28-ին է հրավիրվել դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։

Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը տեղեկացրեց՝ մինչ դատախազություն ներկայանալն իրենք խնդրել են ուսումնասիրության արդյունքները, և արդեն ստացել են դրանք։ Ըստ փաստաբանի, գործի նյութերը մի քանի հարյուր էջից են բաղկացած, դեռ ամբողջությամբ չեն հասցրել ծանոթանալ դրան։

«Սահմանված ժամկետներում, բնականաբար, կներկայացնենք մեր պատճառաբանությունները, կներկայացնենք մեր ունեցած գույքերի հիմքերը, այսինքն գույքերի օրինական լինելու վերաբերյալ փաստաթղթեր», - ասաց փաստաբանը:

Խաչատրյանն ասաց՝ Արման Սահակյանն արդեն հայտնել է իր դիրքորոշումը՝ չունի որևէ ապօրինի գույք։ 2011-ից 2018 թվականը Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Սահակյանը պնդել է՝ ձեռքբերած անշարժ ու շարժական գույքերը օրինական են։ Փաստաբանն ասում է՝ դատախազությունը կասկած ունի շուրջ 400 միլիոն դրամի գույքի վերաբերյալ։

«Հիմա մենք մեր ձեռքի տակ ունենք մի շարք փաստաթղթեր, որոնք պետք է նորից ուսումնասիրվեն, համադրվեն և արդյունքում վերլուծվեն: Տևական պրոցես է լինելու, բայց ես համոզված եմ, որ մենք հավաստի և արժանահավատ տեղեկատվություն կներկայացնենք տվյալ դեպքում Գլխավոր դատախազության համապատասխան վարչությանը, որպեսզի նրանք էլ ուսումնասիրեն և համոզված եմ ապօրինի ծագման որևէ գույք չի հայտնաբերվի», - ընդգծեց Էմին Խաչատրյանը:

Արման Սահակյանը, հիշեցնենք, երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին անցում է դպրոցներից մեկի հողակտորի օտարման քրեական գործով։ Ինչպես Մարգարյանն, այնպես էլ Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով են անցնում մի շարք նախկին պաշտոնյաներ ու նրանց հարազատներ։ Գլխավոր դատախազությունը կասկածներ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, զոքանչի, դստեր, որդու, գնդապետ Սերոբ Հարությունյանի, նրա որդու, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականության վերաբերյալ։

Դրանք դատախազության խնդրանքով դատարանը կալանքի տակ է առել։ Սա արվում է, որպեսզի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքը չվաճառվի կամ նվիրվի մեկ ուրիշի։ Ըստ Գլխավոր դատախազության, առաջիկա ժամանակահատվածում ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին գործերը կուղարկվեն դատարան՝ գույքերի օրինականությունը պարզելու համար։ Ապօրինի գույքի բռնագանձման վարույթը կարող է նաև հաշտությամբ ավարտվել, եթե քաղաքացին համաձայնի պետության վերադարձնել ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG