Մատչելիության հղումներ

Անկարային և Բաքվին ընդառաջ գնալու Մոսկվայի վերաբերմունքը կարող է հանգել նրան, որ Ղարաբաղը Ռուսաստանը կորցնի․ Նժդեհ Հովսեփյան


Թուրքական և ադրբեջանական կողմին ընդառաջ գնալու Ռուսաստանի վերաբերմունքը, հարաբերությունները, շահերը էդ պետությունների շահերի հետ ներդաշնակեցնելը, կարող է հանգել նրան, որ Ղարաբաղը Ռուսաստանը կորցնի, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար, վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը:

Նժդեհ Հովսեփյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Հովսեփյան․ - Առնվազն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Լաչինի միջանցքի տրամաբանությամբ, չի գործում։ Ըստ էության, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը թերևս ոչ մի կետով էս պահի դրությամբ չի գործում՝ թե՛ զորքերը որտեղ պիտի կանգնեին, հետո պարզվեց, որ էդտեղ չեն կանգնում, թե՛ հայ գերիների վերադարձի հետ կապված։ Այսինքն, մեծ հաշվով, այս փաստաթուղթը, չունենալով միջազգային որևիցե երաշխիք, չհաստատվելով ՄԱԿ-ում, չհաստատվելով ԵԱՀԿ-ում և այլ երկրների կողմից, այս պահի դրությամբ, դարձել է, էսպես ասած, «շագրենի կաշի», որ անընդհատ պոկում են՝ քաշում է Ադրբեջանը, քաշում է Ռուսաստանը։

Չմոռանանք, որ Ռուսաստանը չի իրականացնում նաև 97 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորությունները Հայաստանի անվտանգության երաշխավորման տեսանկյունից։ Այսինքն՝ մենք անընդհատ խոսում ենք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, բայց, կարծես, հանրայնորեն մոռացել ենք, որ Հայաստանը Ռուսաստանին չի դիմել միայն ՀԱՊԿ-ով, նաև դիմել ենք 1997-ի պայմանագրով։

Բայց էստեղ կա ռուս-ադրբեջանական, եթե ոչ հստակ, այլ առնվազն լռելյայն կոնսենսուս․ Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, որ Ղարաբաղում ապրեն հայեր և ինքն ունենա լեգիտիմություն էնտեղ՝ տարածաշրջանում մնալու։ Եվ այս տրամաբանությամբ, Ռուսաստանն, այո՛, կհամակերպվի, իմ կարծիքով, Ադրբեջանի պահանջներին այնքան ժամանակ, քանի դեռ էդ պահանջները չեն հատել այն գիծը, որտեղից կսկսվի Ղարաբաղի հայ բնակչության էվակուացիան, կամ հեռացումը և այլն։

«Ազատություն»․ - Չեն հատո՞ւմ։

Հովսեփյան․ - Առայժմ, կարծում եմ, ռուսների աչքերով, չեն հատել, թեպետ հանրային մենք բոլորս էլ շփումներ ունենք՝ բարեկամներ ունենք, ծանոթներ ունենք, գիտենք, թե Ղարաբաղում ինչ տրամադրություններ կան, մարդիկ ինչքան հոգնած են և անորոշության մեջ են ապրում։ Էս առումով՝ թերևս դանակը ոսկորին դեռևս չի հասել, բայց դա չի նշանակում, որ էդտեղ չի գնում։ Հետևաբար, Ռուսաստանի վերաբերմունքն Ադրբեջանին և, այսպես ասած, թուրքական և ադրբեջանական կողմին ընդառաջ գնալ և ներդաշնակեցնել իր հարաբերությունները և շահերն էդ պետությունների շահերի հետ, գուցե կարող է հանգել նրան, որ Ղարաբաղը կարող է, էսպես ասած, նաև Ռուսաստանը կորցնի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG