Մատչելիության հղումներ

Արցախի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր


Արցախի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների ազատ երթևեկությանը խոչընդոտող գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր, հայտնում են նախագահի գրասենյակից։

Արցախի նախագահի հրավիրած նիստի ընթացքում ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:

«Նախագահ Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը», - ասված է հաղորդագրության մեջ։

Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր, Եղցահող գյուղերը ավելի քան մեկ շաբաթ է՝ հայտնվել են ադրբեջանական երկու անցակետերի միջև, կրկնակի բլոկադայի մեջ են, սննդի, դեղորայքի, անասնակերի խնդիրներ են առաջացել։

Արցախի շրջափակումը կամրջի վրա ու Շուշիի մոտ շարունակվում է, այստեղ ակտիվիստներին փոխարինել են ուժայինները։

Այսօր ռուս խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարի հետ հանդիպել են Արցախի նախագահը, պետնախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները։ Պետնախարար Ներսիսյանն է ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ այդ հանդիպմանը վերահաստատել են Ստեփանակերտի դիրքորոշումը՝ Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով, և այն պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Հրամանատար Լենցովն ասել է, որ առաջիկա օրերին հանդիպելու է ադրբեջանական կողմի հետ և տեղեկություններ կփոխանցի շաբաթվա վերջում:

XS
SM
MD
LG