Մատչելիության հղումներ

Խաղաղապահ առաքելության հրամանատարի հետ հանդիպմանն արցախյան կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը


Արցախի նախագահը, պետական, ներքին գործերի ու պաշտպանության նախարարներն այսօր հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ:

Արցախյան կողմը վերահաստատել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի դիրքորոշումը, որ կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, որն ամրագրում է՝ «Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով, Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով»: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Գուրգեն Ներսիսյանը դիմում է Հայաստանի քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկելու բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ: Նաև կոչ է արել միջազգային հանրությանը` ապահովել Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը:

«Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են: Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը», - նշել է նա:

Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։

XS
SM
MD
LG