Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Միշելը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը


Նիկոլ Փաշինյան- Շառլ Միշել հանդիպում Թունիսում, 19-ը նոյեմբերի, 2022թ․
Նիկոլ Փաշինյան- Շառլ Միշել հանդիպում Թունիսում, 19-ը նոյեմբերի, 2022թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, մտքեր փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:

Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը, ըստ վարչապետի գրասենյակի, ասել է Փաշինյանը՝ շեշտելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, 2023-ի ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։

Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ, կարևորել տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը։

Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց էր ունեցել մեկ ամիս առաջ, ընդգծել Եվրամիության պատրաստակամությունն՝ օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին, նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։

Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև հանդիպումները դադարել են անցած տարեվերջից։ Հաղորդվել էր, որ դեկտեմբերի սկզբին կողմերը պետք է հանդիպեն քառակողմ՝ Միշել-Մակրոն-Փաշինյան-Ալիև ձևաչափով, որով բանակցել էին հոկտեմբերի սկզբին Պրահայում: Ադրբեջանական կողմը, սակայն, ընդդիմացել էր Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը, հանդիպումը չէր կայացել։

XS
SM
MD
LG