Մատչելիության հղումներ

Stratfor. Բրյուսելում հանդիպման չեղարկումը վտանգում է խաղաղությունը


Stratfor կենտրոնի պատկերանշանը

Քաղաքական և ռազմական հիմնախնդիրների թեմաներով վերլուծություննեոր կազմող Stratfor ամերիկյան կենտրոնի փորձագետներն անդրադարձել են հայ - ադրբեջանական հակամարտության վերջին կարևոր զարգացմանը՝ Բրյուսելում նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկմանը:

Դա տեղի է ունեցել Ալիևի նախաձեռնությամբ: Նա է հայտարարել, թե Ֆրանսիան հակաադրբեջանական դիրքորոշում ունի, կողմնակալ է, անվերապահորեն սատարում է հայերին, հետևաբար՝ չի կարող հանդես գալ իբրև չեզոք միջնորդ:

Իր ասածն օրինակներով հիմնավորելու համար Ալիևը նշել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձևերը և Ֆրանկոֆոնիայի համաժողովում հնչեցված հայտարարությունները:

Նա ասել է, թե հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները՝ հնարավոր չի համարում Բրյուսելում դեկտեմբերի 7-ի հանդիպումը:

Հայկական կողմի առաջարկությամբ, հանդիպմանը պետք է մասնակցեր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Ալիևն ասել է, թե «պնդելով այդ առաջարկությունը՝ Փաշինյանը տապալում է խաղաղության գործընթացը»:

Stratfor-ի վերլուծաբանների փոխանցմամբ՝ այդ ամենը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Բաքուն Երևանին ի պաշտոնե մեղադրում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ զենք ու զինամթերք փոխադրելու համար, իսկ ադրբեջանական մամուլում ակտիվորեն քննարկվում է ռազմական նոր գործողություն սկսելու անհրաժեշտությունը:

Ինչո՞ւ է կարևոր հանդիպման չեղարկման հանգամանքը. ըստ Stratfor-ի՝ դա կարող է վկայել այն մասին, որ բանակցությունները կանգ են առել:

Խաղաղության գործընթացում էական առաջխաղացում ապահովելու հարցում երկու կողմների ձախողումը և Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը հետզհետե ավելի է հակվում ուժ կիրառելու իր լծակները ցույց տալու համար, իսկ դա նշանակում է, որ հայ - ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում արյունալի նոր միջադեպերի հավանականությունն աճում է:

Բռնությունների հնարավոր վերսկսումը է՛լ ավելի անհավանական կդարձնի մինչև տարեվերջ բեկում մտցնելու և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարը:

Stratfor-ի վերլուծաբանները հիշեցնում են, որ նոյեմբերի 23-ին Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի փաստաթղթերը, քանի որ դրանցում չի եղել Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներխուժման քաղաքական գնահատականը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, սակայն դրա ընթացքում էական առաջընթաց չի եղել:

Մինչև տարեվերջ խաղաղություն կնքելու հնարավորության մասին հոկտեմբերի 12-ին խոսել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ասել է, թե համաձայնությունում կներառվի սահմանազատման հարցը, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիշատակում չի լինի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG