Մատչելիության հղումներ

Բանակցությունները՝ հնարավոր փակուղում


Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ բանակցությունները Պրահայում, 6-ը նոյեմբերի, 2022թ.

Արդյոք դեկտեմբերի 7-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկումը խոսում է բանակցային գործընթացի՝ փակուղում գտնվելու և սահմանային նոր բախումների հնարավորության մասին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ բանակցությունների փակուղային վիճակը երկար չի տևի։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, արխիվ

«Ընդհանրապես, որևէ բանակցությունների կամ որևէ հանդիպումների չեղարկումներ տանում են դեպի փակուղային իրավիճակ և դրական բանակցային պրոցեսը ավելի են հետաձգում: Եվ, այո, Ալիևի կողմից հանդիպումը չեղարկելը նշանակում է, որ նոր բարդություններ են առաջանում այդ բանակցային պրոցեսների մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ շարունակելով. - «Այս պահին գուցեև փակուղային է, բայց, իհարկե, բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն, որ այս փակուղային վիճակից դուրս բերվի դիվանագիտական պրոցեսը, և չեմ կարծում, որ այդքան երկար փակուղային վիճակ կլինի»։

Ադրբեջանի նախագահն էր երեկ Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարել, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, ավելին՝ հայտարարել է, թե փնտրվում է միջնորդ և համապատասխան հարթակ հետագա բանակցությունների համար։

«Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել էր Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը ոչ կառուցողական է, ընդգծում է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը. - «Միշտ էլ Ադրբեջանը փորձում է վիժեցնել այդ բանակցային գործընթացները, դեպի խաղաղության տանող գործուն միջոցները, որտեղ որ տեսնում են, որ արդեն իսկ մոտ է խնդիրը ինչ-որ տեսանելի հանգուցալուծման, ինչ-որ կերպ վիժեցնում է այդ պրոցեսները։ Ես այդպես եմ տեսնում և կարծում եմ, որ շատ կարճ ժամանակ անց իհարկե բանակցությունները կշարունակվեն»։

Վերջին շրջանում թե՛ Երևանը, թե՛ Բաքուն, թե՛ Ստեփանակերտը գրեթե ամեն օր հաղորդում են սահմանին կրակոցների մասին։ Բանակցությունների ձախողումը մեծացնում է նոր բախումների վտանգը, ասում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան, արխիվ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան, արխիվ

«Երբ դիվանագիտական գործընթացը պատային է դառնում, ինքնին ռազմական գործողությունների հավանականությունն աճում է: Եթե սրան գումարում ենք նաև այն գործոնը, որ առաջնագծում նկատելի է՝ հրադադարի ռեժիմի խախտումների, տեղեկատվական գրոհների, ֆեյքային արշավների հետ կապված, որը, ըստ էության, ռազմական գործողությունների նախապատրաստություն է հիշեցնում, որն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը, ապա այս պարագայում իրադարձությունները բավականին վատ սցենարով են զարգանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը՝ շարունակելով. - «Այն երկրները, միջազգային դերակատարները, որոնք շահագրգռված են մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության կամ կայունության գործընթացում, պետք է ակտիվ միջամտություն ցուցաբերեն, հակառակ դեպքում դժվար կլինի զերծ մնալ հնարավոր գործողություններից»։

«Փաստաթղթի ստորագրումն այս իրավիճակում իրատեսական չէ»

Չնայած Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, որ մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում, այս իրավիճակում թե՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, թե՛ փորձագետներն իրատեսական չեն համարում փաստաթղթի ստորագրումը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ բանակցային գործընթացը երկու տարի է՝ փակուղում է, սկսած Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն բոլոր գերիներին չվերադարձնելուց մինչև Հայաստանի տարածք ներխուժում և անարդյունք բանակցություններ։ Բաղդասարյանի կարծիքով՝ այս իրավիճակում ավելի մեծ է ռազմական նոր էսկալացիայի հավանականությունը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան, արխիվ
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան, արխիվ

«Այս փուլում Հայաստանը պիտի փորձի, առաջին հերթին, քարոզչական հարթակներում հակազդել Ադրբեջանին, ցույց տալ, որ իրականում ագրեսորը Ադրբեջանն է, որ հենց Ադրբեջանն է մերժում խաղաղության բանակցությունները՝ առաջին, երկրորդ՝ պիտի հնարավոր բոլոր միջոցներով պատրաստվի նոր ագրեսիայի, հնարավոր բոլոր ձևերով կասեցվի, որովհետև եթե դա մեզ հաջողվի, այսինքն՝ եթե Ադրբեջանը չկարողանա ռազմական ճանապարհով էլի ինչ-որ հաջողություններ ձեռք բերի, այդ դեպքում արդեն խաղաղության համաձայնագրի ստորագրումն ավելի հավանական կլինի, ամեն դեպքում՝ բանակցությունները տեղից կշարժվեն։ Այս իրավիճակում դա քիչ հավանական է, քանի որ Ադրբեջանը պարզապես համարում է, որ կարող է ռազմական ճանապարհով ավելին ստանալ, առավել ևս, որ Հայաստանը որևէ տեղից պաշտպանության ակնկալիք ունենալ չի կարող, ըստ իրենց»:

Պաշտոնական Երևանը երեկ հերքեց Ալիևի այն պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել դեկտեմբերի հանդիպման անցկացումն ու խաղաղության գործընթացը։ Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, «Արմենպրես»-ին ասել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը, շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։

XS
SM
MD
LG