Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիան խոչընդոտում է «խաղաղությանը»


Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևա, արխիվ

Ֆրանսիան խոչընդոտում է խաղաղությանը, հայտարարել է Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին։

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում երեկ երեկոյան միաձայն ընդունված փաստաթուղթը երկրի կառավարությանն առաջարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, հորդորում շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով, կոչ անում դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը։ Ֆրանսիացի պատգամավորները նաև Բաքվին են դիմել՝ կոչ անելով դուրս բերել զորքը Հայաստանի տարածքից, անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել ագրեսիան Հայաստանի նկատմամբ և տևական խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում:

Դիմելով միջազգային կառույցներին՝ ֆրանսիացի պատգամավորները պահանջել են միջոցներ ձեռնարկել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս Միջազգային քրեական դատարան դիմել՝ սեպտեմբերյան հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների, բռնաբարությունների, մահապատիժների մեղավորներին պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Երեկ ընդունված այս բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր չէ կատարման համար։

Փարիզում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարող Լեյլա Աբդուլաևան, մինչդեռ, կարծում է՝ Ֆրանսիան վնասում է հայ - ադրբեջանական խաղաղ գործընթացը։

«Հայաստանը 30 տարի օկուպացված է պահել ադրբեջանական տարածքները, ոտնահարել մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները», - կրկնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ Լեյլա Աբդուլաևան շարունակել է․ - «Այդ ամբողջ ընթացքում դուք լուռ էիք։ Խոսելով հիմա՝ դուք միայն խոչընդոտում եք խաղաղությանը»։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ պնդելով, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը «լի է ստով և զրպարտանքով», «Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն է, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը»։ Ազգային ժողովի բանաձևը, ըստ պաշտոնական Բաքվի, «ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին վնաս հասցնելուն»։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, թե այդ բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս «Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող հանդես գալ չեզոք և արդար միջնորդի դերում»։

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին էր Ֆրանսիային մեղադրել հայամետ դիրքորոշման համար՝ մերժելով Փարիզի միջնորդական դերը հայ - ադրբեջանական բանակցային գործընթացում, և չեղարկել Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը՝ Էմանյուել Մակրոնի մասնակցության պատճառով։

Ալիևը հիշեցրել էր Պրահայի հանդիպմանը հաջորդած Մակրոնի հարցազրույցի, Ֆրանսիայի Սենատի ընդունած «հակաադրբեջանական» բանաձևի մասին։ «Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ հստակ է, որ Ֆրանսիան չի կարող լինել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում։ Այդ մենք չենք նրանց դուրս մղել, Ֆրանսիան ինքն է իրեն կտրել տվյալ գործընթացից։ Մինսկի խմբի մյուս անդամները՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, նման միակողմանի քայլեր չեն արել», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի հետ էներգետիկ շահեր ունեցող Եվրամիության անդամ Ֆրանսիան Իլհամ Ալիևի այս մեղադրանքներին չի արձագանքել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG