Մատչելիության հղումներ

Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիան խոչընդոտում է «խաղաղությանը»


Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևա, արխիվ
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևա, արխիվ

Ֆրանսիան խոչընդոտում է խաղաղությանը, հայտարարել է Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին։

Աբդուլաևան կարծում է՝ Ֆրանսիան վնասում է հայ - ադրբեջանական խաղաղ գործընթացը։

«Հայաստանը 30 տարի օկուպացված է պահել ադրբեջանական տարածքները, ոտնահարել մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները», - կրկնելով պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ Ադրբեջանի դեսպանը շարունակել է․ - «Այդ ամբողջ ընթացքում դուք լուռ էիք։ Խոսելով հիմա՝ դուք միայն խոչընդոտում եք խաղաղությանը»։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ պնդելով, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը «լի է ստով և զրպարտանքով», «Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն է, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը»։ Ազգային ժողովի բանաձևը, ըստ պաշտոնական Բաքվի, «ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին վնաս հասցնելուն»։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, թե այդ բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս «Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող հանդես գալ չեզոք և արդար միջնորդի դերում»։

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին էր Ֆրանսիային մեղադրել հայամետ դիրքորոշման համար՝ մերժելով Փարիզի միջնորդական դերը հայ - ադրբեջանական բանակցային գործընթացում, և չեղարկել Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը՝ Էմանյուել Մակրոնի մասնակցության պատճառով։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG