Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ն դիմել է դատարան Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար, սպանվածի հարազատները դեմ են


Քրեակատարողական հիմնարկը դիմել է դատարան սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատելու համար։

Այս որոշումը կայացրել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանը։ Արդարադատության գնդապետը որպես հիմնավորում ներկայացրել է Ենոքյանի վերաբերյալ երկու դրական զեկույցները, մեկը տվել է քրեակատարողական, մյուսը՝ պրոբացիայի ծառայությունը։

Եվ մինչ քրեական դատարանը քննում է այս հարցը, սպանվածի հարազատները հայտարարում են՝ դեմ են, որ Ենոքյանը հայտնվի ազատության մեջ։

«Չէ՛, ես չեմ ընդունի։ Գտնում եմ, որ դա պետության պարտքն է իր հասարակության դեմ, իր քաղաքացիների դեմ։ Ընդհանրապես վտանգավոր է հասարակության համար։ Նման մարդիկ պետք է մեկուսացված լինեն», - ասաց Ելենա Աղաջանովան։

Սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան
Սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան

26 տարի առաջ Բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար մեղավոր են ճանաչվել երկու հոգի՝ համակուրսեցի Մհեր Ենոքյանը և Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանը։

Վերջինիս դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, Հարությունյանն արդեն 12 տարի է ազատության մեջ է։ Նա ընդունել էր մեղքը, իսկ Ենոքյանը մինչև հիմա պնդում է՝ համակուրսեցու սպանության ժամանակ վկայի դերում է եղել։ Դատարանը, սակայն, Ենոքյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել մահապատժի։ Հայաստանում մահապատժի վերացումից հետո նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան ընդգծում է՝ եթե սա անզգուշության հետևանք լիներ և ոչ թե դիտավորյալ ու առանձնակի դաժանությամբ սպանություն, գուցե Ենոքյանը իրավունք ունենար հայտնվելու ազատության մեջ։ Մինչդեռ, նա պնդում է, նա չի զղջացել ու վերջին տարիներին զբաղվել է դրական բնութագրեր հավաքելով, որ կարողանա հայտնվել ազատության մեջ

«Եթե դիտավորյալ սպանություն է տեղի ունեցել, պլանավորված, իսկապես հատուկ դաժանությամբ կատարված, չէ որ դա հնարավոր չէ անտեսել, որ այդ մարդասպանն ինքը դա արել է», - ասաց Ելենա Աղաջանովան։

Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանը հակադարձում է՝ դատապարտյալներին նման հնարավորություն տալիս է հենց պետությունը։

Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը
Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը

Ցմահի դեպքում 20 տարին լրանալուն պես դատապարտյալն իրավունք ունի պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Եվ արդեն ավելի քան 26 տարի ազատազրկված ամուսինը դրական բնութագրեր ունի, վերջերս էլ դրական վարքագիծը հաստատվել է երկու գերատեսչությունների զեկույցներով։ Այս դեպքում Քրեակատարողական ծառայության ղեկավարությունը պարտավոր է դիմել դատարան։

«Մհեր Ենոքյանը պատիժ է կրում արդեն 27-րդ տարին, դա շուրջ երեք տասնամյակ է, ավելի քան քառորդ դար։ Մհեր Ենոքյանն այնպիսի իրավունքներ ունի, ինչպիսիք ունեն մյուս դատապարտյալները։ 8-րդ ամիսն է՝ գտնվում է ցածր անվտանգային գոտում, մեղմ պայմաններում։ Պարբերաբար ունենում է սոցիալական վերականգնման նպատակով մեկնումներ, դրսևորում է դրական վարքագիծ, դրա մասին վկայում են բազմաթիվ փաստաթղթեր, ոստիկանության կողմից տրված տեղեկանքներ», - ասաց Մեջլումյանը։

Մինչդեռ տուժող կողմը թերահավատ է Ենոքյանի ստացած դրական բնութագրերի հարցում։ Այդ համակարգը թերի է, ասում է Աղաջանովան։ Գիրք գրելով, շախմատ խաղալով, լավ վարքագիծ դրսևորելով չես համոզի, որ ազատության մեջ հանցանք չես գործի, ասում է սպանված երիտասարդի քույրն ու հիշեցնում, թե ինչպես է դատապարտյալը տարիներ առաջ փախել բանտից։

«Կոնֆլիկտային կերպար է եղել, փախուստի է դիմել, խաբեբայությամբ է զբաղվել, ինչո՞ւ դրանք որոշիչ չեն լինում, դրանց վրա ուշադրություն չեն դարձնում, չէ որ այդ նույն փախուստը պետության դեմ հանցանք է։ Այդ անձը բնութագրող չափորիշը բալային ինչ-որ համակարգ է, դու ուղղակի կողքը պտիչկա դնելով բալեր են դնում․ մասնակցել է շախմատի մրցումներին, բալ է ստանում, հոդված գրել է, բալ է ստանում, ու տենց պետք է 27-28 բալ հավաքի։ 27 բալը հավաքեց դրական բնութագիր ունի», - ասաց Աղաջանովան։

Զարուհի Մեջլումյանը, սակայն, ընդգծում է՝ հարազատները ինչո՞ւ չէին դժգոհում, երբ ազատ արձակվեց մյուս դատապարտյալը․ - «Իսկ միթե իրենք չեն վախենում, երբ Արամ Հարությունյանն արդեն 12 տարի վայելում է իր բաղձալի ազատությունը, միթե իրենք չեն շարունակում բնականոն կյանքով ապրել»։

Աղաջանովներն էլ պատասխանում են՝ Հարությունյանն ընդունել է մեղքը, ազատարկված մնացել այնքան, որքան դատարանն է սահմանել, և նորից պնդում, որ մեղքը չընդունող Ենոքյանն է եղել սպանության գլխավոր դերակատարը։

Իր հերթին մեղքը չընդունող Ենոքյանի կինը հավատացնում է՝ ամուսինը զղջում է ողբերգության համար, այդ մասին իր գրքում է գրել։ Մարդկությունը դեռևս չի մտածել այլ դրական ցուցիչներ՝ քան աշխատանքն է, ուսումը, ընտանիքը, որին համապատասխանում է Ենոքանը, հավելում է Զարուհի Մեջլումյանը։

«Եթե անձի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի հետագա մասը կրելու, և անձը դրսևորել է պատշաճ վարքագիծ, կրկին հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, ինչը գնահատել են արդեն պետական մարմինները՝ տալով դրական զեկույցներ, այո՛, անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել», - ասաց Ենոքյանի կինը։

Մեջլումյանը հիշեցնում է՝ հենց դրական վարքագծի շնորհիվ է, որ անցած օգոստոսից ամուսինը գտնվում է մասնակի ազատության մեջ․ ստացիոնար ուսում է ստանում, բանտից արձակուրդների իրավունք ունի, որպես իրավագետ աշխատում է իր փաստաբանական գրասենյակում։

Եվ մինչ ցմահ դատապարտյալը փորձում է դատարանով ազատ արձակվել՝ վկայակոչելով օրենքի ընձեռած հնարավորությունն ու իր դրական վարքագիծը, երիտասարդ ուսանողի հարազատները պնդում են՝ նրա ազատ արձակումը կարող է վատ նախադեպ դառնալ։

Իր հերթին Ենոքյանի կինը կարծում է, որ սա կարող է դրական օրինակ լինել այն դատապարտյալների համար, որոնք կընտրեն հասարակությանը վերաինտեգրվելու ճանապարհը։

Անկախ Հայաստանում ցմահ ազատազրկումից մինչ օրս ազատ է արձակվել 4 դատապարտյալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG