Մատչելիության հղումներ

Մահապատժի վերականգնման առաջարկը քննադատում են օմբուդսմենը, ՔՊ պատգամավորը


Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյան, արխիվ

Մահապատիժը կրկին թույլատրելի դարձնելու անհրաժեշտության մասին Գլխավոր դատախազության երեկվա աղմկահարույց հայտարարությունը շարունակում է բուռն քննադատության արժանանալ։

Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն այս առաջարկը քննարկման ենթակա հարց չի համարում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, սակայն, գլխավոր դատախազի առաջարկի վերաբերյալ միասնական դիրքորոշում դեռ չի հայտնել։

Ջուլհակյանն ընդգծում է՝ մահապատիժն արգելելով Հայաստանը մեկ քայլ առաջ է կատարել դեպի քաղաքակիրթ աշխարհ, և այժմ հետքայլի պատճառ չկա: «Ժամանակին մենք այդ փոփոխությունը արել ենք և Սահմանադրությամբ արգելել ենք, ըստ էության սահմանել ենք մահապատժի արգելք Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքով, մենք մեկ քայլ առաջ ենք արել դեպի քաղաքակիրթ մարդկություն, և ետ գնալու որևէ նպատակ և որևէ պատճառ ես չեմ տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Գլխավոր դատախազը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորող արդարադատության նախարարին ուղղված գրությամբ առաջարկում է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել՝ պնդելով, թե պետք է քննարկել այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը։

Այս նախաձեռնությունը երեկ միանգամից արժանացավ քաղհասարակության սուր քննադատությանը՝ իրավապաշտպաններն այն ժողովրդավարությունից հետքայլ որակեցին։

Ավելի ուշ հեռակա բանավեճի մեջ մտան Գլխավոր դատախազությունն ու մարդու իրավունքների պաշտպանը։

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չհամարեց, քանի որ այն «մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները»։

Մարդու իրավունքների պաշտպանի այս կոշտ դիրքորոշումը հարուցեց Գլխավոր դատախազության վրդովմունքը: Մահապատիժը կրկին թույլատրելու անհրաժեշտություն տեսնող Դատախազությունը, ափսոսանք հայտնելով, Պաշտպանի հայտարարությունը խիստ հապճեպ ու մակերեսային որակեց։

Իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորող արդարադատության նախարարը երեկ թեև կարծիք չէր հայտնել դատախազի առաջարկի վերաբերյալ, սակայն չէր բացառել, որ հարցը կքննարկվի հանձնաժողովում։

XS
SM
MD
LG