Մատչելիության հղումներ

Հրապարակվել է ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» գիրքը


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ

Նոյեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացվեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի նոր հրատարակված «Դեպի ցմահ ազատություն» գիրքը: Նրա խոսքը, սակայն, միայն էկրանից էր հնչում։

«Պետք է լինել հանցագործ և հանցանքը անել, որ հասկանաս, թե ինչ է կատարվում։ Ես Կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում, որովհետև անձամբ ես հանցանք չեմ գործել, ամեն դեպքում ես մարդասպան չեմ», - ասում էր :

2013 թվականի «Օրանժ գրքի մրցանակաբաշխության վերջին փուլից» Մհեր Ենոքյանի պատմվածքը դուրս էր մնացել։ Կապի օպերատորի ներկայացուցիչը մեկնաբանել էր, որ դատապարտյալին մրցանակ շնորհելը կարող է վնասել իրենց բիզնես շահերին։ Այն բանից հետո երբ ժյուրիի անդամ Արծվի Բախչինյանը բարձրաձայնեց այս մասին, քաղաքացիական նախաձեռնությամբ գումար հավաքվեց ու գիրք տպագրվեց անգլերեն և հայերեն լեզուներով։

«Ես պարզապես չէր կարող լինել հերթական քաղաքացին, ով պետք է կոծկեր իր աչքի առաջ տեղի ունեցած անարդարությունը և չբարձրաձայներ այդ մասին», - նշեց նա:

Մհերը Հայաստանում 104 ցմահ դատապարտվածներից մեկն է, ով իր պատիժն է կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա 1996-ին դատապարտվել է համակուրսեցուն սպանելու համար, սակայն, պնդում է, որ անմեղ է։ Մհեր Ենոքյանի, նաև 10 այլ դատապարտյալների պահանջն է, որ իրենց գործերը նորից քննվեն։ «Հետք» ինտերնետային թերթի իրավական լրագրող Զարուհի Մեջլումյանը, ով այս մասին հոդվածների շարք է պատրաստել, նշում է, որ քրեական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն՝ այս գործերի իրեղեն ապացույցները վերացվել են և ցմահ դատապարտվածների անմեղությունն ապացուցելու համար քիչ հնարավորություններ կան։

«Այո՛, մեր բանտերում կան անմեղ մարդիկ, այո՛, 90-ականներին եղել են այդպիսի դատավճիռներ, որտեղ մեկ անձի ցուցմունքով են դատապարտվել մարդիկ։ Իրեղեն ապացույցները ոչնչացված են և այսօր մեր բոլոր փորձերը՝ վերաբացելու այդ քրեական գործերը, անհաջողությամբ են ավարտվում, սակայն ասեմ, որ ունենք տեղաշարժ երկու քրեական գործով», - ասում է լրագրողը:

«Հետք» ինտերնետային պարբերականի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի ջանքերով երկու դատապարտյալի գործ կվերանայվի։ Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, սակայն, պետք է ոչ միայն պայքարել, որ անմեղները բանտից դուրս գան, այլև փոխել մոտեցումը մեղավորների նկատմամբ։

«Իսկ եթե իսկապես մեղավոր են, ինչ-որ մի հանցանք են գործել, նույնիսկ ծանր հանցագործություն, արդյո՞ք նրանք պետք է այդպես անհույս տառապեն։ Իհարկե, պետք է պատժել, բայց ոչ թե ցմահ։ Չնայած Հայաստանի օրենսդրությամբ 20 տարի հետո նրանք կարող են վաղաժամկետ ազատ արձակվել, բայց ոչ միայն դրա նախադեպը չկա, այլև նրանք անտեսված են, նրանց մասին չեն ուզում խոսել, չեն ուզում լսել», - ասում է Իշխանյանը:

Մհեր Ենոքյանը իր խցակցի՝ Սողոմոն Քոչարյանի հետ երկու անգամ փորձել է փախչել բանտից, ինքնասպանության փորձ էլ է կատարել։ Ըստ բանտարկյալների, փախուստները ակցիաներ են իրենց քրեական գործերի վերաբացման համար։ Իր հոդվածներից մեկում Մհեր Ենոքյանն ասում է․ - «Փախուստս չէր հաջողվել, նշանակում է` այլ ճանապարհ է պետք ընտրել: Ես երբեք չեմ հանձնվում, ինչ արած` այդպիսին է իմ բնությունը` չափազանց համառ: Տարիներ անց գտա պատերի ու ճաղերի միջով անցնելու ելքը դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Հոգուս հետ մարմինս էլ դուրս բերեցի»։

Ենոքյանի թվով չորրորդ գիրքը՝ «Դեպի ցմահ ազատություն»-ը, չի վաճառվում։

«Այն մարդկանց նվերն է ինձ։ Ես էլ իմ նվերը սիրով կիսում եմ Ձեզ հետ»,- գրված է գրքի շապիկին։

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG