Մատչելիության հղումներ

Ցմահ դատապարտյալների ռեժիմները աստիճանաբար կփոխվեն


Ստեփան Գրիգորյանն ու Աշոտ մանուկյանը դոմիոնոյով կամ թենիսով են սպանում ազատ ժամանակը, իսկ այն քիչ չէ` նրանք ցմահ դատապարտյալներ են։

Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 91 ցմահ դատապարտյալ կա։ Երկու օր առաջ ուժի մեջ մտած Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունները հենց նրանց համար են։

«Ցմահ դատապարտված անձինք հաստատ պետք է ունենան հույս՝ յուրաքանչյուր պարագայում նախ ռեժիմների փոփոխություն արձանագրելու, որը կապահովի նաև իրենց աստիճանական անցումը դեպի վաղաժամկետ ազատում», ֊ ասում է արդարադատության փոխանախարար Տիգրան Խաչիկյանը։

Օրենսդրական նոր կարգավորումներով ցմահ ազատազրկվածը պատժի 15 տարին կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, պատժից առնվազն 18 տարի հետո կարող է անցնել կիսաբաց ռեժիմի։ Նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո ցմահ ազատազրվածը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ։ Սա նշանակում է միայն գիշերել քրեակատարողական հիմնարկի հատուկ կացարաններում, մնացած ժամանակ դատապարտյալն ազատ է՝ ընտանիքի հետ լինել, աշխատել, բջջային հեռախոս ունենալ և այլն։

Ցմահ ազատազրկվածների ռեժիմներն ըստ օրենքի պետք է փոխվեն աստիճանաբար. Կիսափակ - կիսաբաց - բաց՝ և միայն ցմահների դրական վարքագծի դեպքում։

«Դատապարտյալն ինքն իր աշխատանքով, իր համար խրախուսանքի հիմքեր ձևավորելով է վաստակում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն։ Սա, ըստ էության, ապահովում է աստիճանական ու սահուն անցումը դեպի այս գաղափարի իրականացում», ֊ պարզաբանում է Տիգրան Խաչիկյանը։

Ցմահ դատապարտյալներից 34-ը Արմավիր քերակատարողականում են։ Հիմնարկի սոցիալ֊հոգեբանական ու իրավական բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Նորայր Գրիգորյանի կարծիքով՝ սա ցմահների համար շանս է։ Նա առանձնացնում է այս մասնաշենքի կիսափակ ռեժիմում պահվող երեք ցմահներին, նրանք՝ ըստ Գրիգորյանի՝ օրինակելի են բոլոր առումներով։

«Աշոտ Մանուկյանը, Ստեփան Գրիգորյանը և Արսեն Արծրունին։ Ասեմ, որ Աշոտ Մանուկյանն ու Արսեն Արծրունին զբաղված են նաև ուսումնառությամբ էս պահին։ Արսեն Արծրունին դոկտորական դիսերտացիոն թեզն է պաշտպանում, իսկ Աշոտը գերազանցությամբ հանձնել է քննությունները «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ֆակուլտետում», ֊ մանրամասնեց Գրիգորյանը։

Աշոտ Մանուկյանը 23 տարի առաջ է դատապարտվել՝ երեք զինվորների սպանության համար, ինքն էլ զինծառայող էր։ Սկզբում մահապատիժ ստացավ, 7 տարի սպասեց գնդակահարության, հետո ստացավ ցմահ ազատազրկում։ Նա կատարած արարքի համար անընդհատ զղջացել է, ներում խնդրել սպանված զինվորների ծնողներից։ Երկուսը եղբայրներ էին, և ստացել է այդ ներումը։ ֊ «Ես խոսում եմ տիկին Ռայայի, տիկին Սիրվարդի հետ։ Սպանված զինվորների մայրերն են։ Ես իրենց հետ հեռախոսով խոսում եմ։ Իրենց ընտանիքի անդամների հետ շփվում եմ։ Ես հենց բանտից դուրս գամ առաջին իսկ հանդիպումը իրենց հետ է լինելու»։

Աշոտ Մանուկյանը օնլայն կրթություն է ստանում, նաև գիրք է գրել, ուղղված զինվորներին, թե ինչպես կարող են անհեթեթ վեճերը ողբերգության մեջ թաղել մի քանի ընտանիքների։ Ըստ քրեկատարակողական հիմարկի պատասխանատոների՝ Աշոտն ունի դրական բնութագիր ։ Օգոստոսին դատարանը մեկ անգամ էլ է քննելու նրան վաղաժամկետ ազատ արձակելու հարցը։

«Վաղաժամկետ ազատման հարց լինի, թե պահման ռեժիմի փոփոխություն՝ մոտեցումը հայեցողական է՝ «նպատակահարմար չենք գտնում» պատասխանը առանց հիմնավորման կա ու կա», ֊ ասում է ցմահ դատապարտյալը։

Արդարադատության փոխնախարարը համաձայն է. ֊ «Դատապարտյալների մտահոգությունը գալիս է հենց ադտեղեից՝ վարքագծի հայեցողական գնահատում»։

Փոխնախարար Խաչիկյանի խոսքով վարքագծի գնահատման հստական չափորոշիչներ են պետք , որպեսզի բացառվի սուբյեկտիվ մոտեցումը։ Այժմ մտածում են օրենսդրական հստակ կարգավորումներ մշակելու մասին։

Ստեփան Գրիգորյանը դատապարտվել է 31 ում, այժմ 56 տարեկան է։ Երևանը վերջին անգամ 96 թվականի ապրիլին է տեսել։ Դատապարտվել է սպանության գործով՝ որպես մասնակից։ Ասում է՝ ճիշտ է ազգային հերոս չեմ, բայց մարդ էլ չեմ սպանել։ Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ բանտային տասնամյակների ընթացքում էլ միայն հեռախոս պահելու հետ կապված ոչ չարամիտ խախտումներ են եղել, ուրիշ ոչինչ։ Նա նույնպես շեշտում է ցմահների հանդեպ հատուկ անբարյացակամ վերաբերմունքը, ընդհանրապես ասում է՝ այդ ուղղությամբ քարոզ էլ է արվում. ֊ «Հասարակ քաղաքացին պատկերացնում ա բանտը՝ դանակներով իրար վա հարձակվում են... ինչ֊որ այլևայլնություն... ըտենց բան չկա»։

Բանտային 25 տարիների ընթացքում Ստեփան Գրիգորյանը հեռակա զբաղվել է երկու երեխաների կրթության հարցերով։ Կինը, երեխաները և 4 թոռները իրենից էլ շատ սպասում են գոնե անցնի պահման բաց ռեժիմի։ Գրիգորյանը օրեր առաջ նամակ է ուղարկել Արդարադատության նախարարին։

Ամիսներ առաջ ցմահների բոլոր հույսերը ներման հետ կապված ջուրը լցվեցին, այժմ նրանց սրտի զարկերը դարձյալ արագացել են. գուցե ռեժիմների փոփոխությամբ՝ աստիճանաբար խցերից դուրս գան՝ դեպի ազատություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG