Մատչելիության հղումներ

Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. Լավրով


Թուրքիան անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանը և Հայաստանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համապարփակ խաղաղության համաձայնագիր, և կշարունակի խորհրդակցություններն այս հարցով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարը` ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո:

Համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ երեկ և այսօր Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին կրկնել է, որ Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հատուկ ընդգծելով, որ գործընթացը իրենց օգնությամբ է սկսել:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը սկսվել է մեր աջակցությամբ: Ողջունում ենք տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունն ապաշրջափակելու ջանքերը։ Անշուշտ, մենք ողջունում ենք Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնումը», - նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը:

Լավրովը պնդել է, թե Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ, որոնք այսօր էլ մնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքում: Ինչպես նախորդ ամիսների ելույթներում, այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, թե արտաքին ուժերը փորձում են խոչընդոտել։

«Հուսով ենք, որ մեր ոչ տարածաշրջանային գործընկերները չեն միջամտի այս գործընթացին, այլ կուղղորդեն կողմերին եռակողմ համաձայնագրերի խստորեն իրականացմանը», - ընդգծել է նա։

Սերգեյ Լավրովը Անկարա է ժամանել երեկ` թուրքական կողմի հրավերով։ Ապրիլի 6-ի երեկոյան Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել էին ոչ պաշտոնական՝ աշխատանքային ընթրիքի ձևաչափով։ Այսօր ավելի ուշ նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս հանդիպումից մանրամասներ դեռ չկան:

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների Ուկրաինա ներխուժելու պատճառով Թուրքիան գրեթե չի սահմանափակել համագործակցությունը Ռուսաստանի հետ և չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։

Լավրովն այս այցի ընթացքում Հարվային Կովկասի, Ուկրաինայի, միջազգային և տարածաշրջանային այլ հրատապ հարցերից բացի մտադիր է քննարկել նաև համատեղ ռազմավարական ծրագրերը՝ «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը, «Ակկույու» ատոմակայանի շինարարության ընթացքը․ ատոմակայանը Թուրքիայում Ռուսաստանն է կառուցում։

Անցած տարի գարնանը Թուրքիայի նախագահը ստանձնել էր Կիևի և Մոսկվայի միջև հիմնական միջնորդի դերը, Թուրքիայում անցած գարնանը նույնիսկ մի քանի նման հանդիպում էր տեղի ունեցել։ Անցած տարվա մայիսից, սակայն, ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը սառեցվել է, իսկ Թուրքիայում հզոր երկրաշարժի և մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թայիփ Էրդողանը այլևս նախկինի պես միջնորդային ակտիվությունը չի դրսևորում։

Թեև պաշտոնապես չի հաղորդվում, սակայն, հավանական է, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել է նաև Պուտինի հնարավոր մասնակցությունը «Ակկույու» ատոմակայանում ապրիլի վերջին կայանալիք միջոցառմանը։

Երեկ Մոսկվայում Պուտինը հանդիպել էր Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ։ Կրմելի խոսնակը հանդիպումից հետո ասել էր, թե քննարկվել է խոշոր նախագծերի իրականացումը, այդ թվում՝ «Ակկույու» ատոմակայանը, հավելելով, որ Ռուսաստանը պատշաճ կերպով կմասնակցի առաջին էներգաբլոկի շահագործմանը նվիրված արարողությանը։

Ի՞նչ է նշանակում պատշաճ ձևով մասնակցությունը, պարզ չէ։

Եթե Պուտինը, այդուամենայնիվ, որոշի անձամբ մեկնել Թուրքիա ապրիլի վերջին, դա կլինի նրա առաջին այցն արտերկիր Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշումից հետո, որը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու օրդեր է տվել` Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործություն կատարելու կասկածանքով։

Թուրքիան, սակայն, Հռոմի կանոնադրությունը չի ստորագրել և Պուտինին ձերբակալելու որևէ պարտավորություն չունի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG