Մատչելիության հղումներ

Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը «պլանավորվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցությունը խորացնելու հարցերը»


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով Ռուսաստանի նրա գործընկեր Սերգեյ Լավրովն այցելում է Անկարա:

France-Presse-ը հաղորդում է, որ Լավրովը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Տելեգրամի իր էջում գրել է. - «Սերգեյ Լավրովը ժամանեց Անկարա։ Այսօր՝ աշխատանքային ընթրիք, վաղը՝ բանակցություններ»։ Զախարովան նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում երևում են Չավուշօղլուն ու Լավրովը։

Այսօրվա բանակցությունների օրակարգում ընդգրկված է Հարավային Կովկասի իրավիճակի քննարկում։

Ռուսաստանի արտգործնախարարության նախօրեին տարածած հաղորդագրությունում, թվարկելով մի շարք հարցեր, նաև նշված է․ - «Պլանավորվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցությունը խորացնելու հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնում, կոմունիկացիաների և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնում»։

Ակնկալվում է, որ նախարարները կանդրադառնան նաև «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությանը։

44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի առաջարկած այս ձևաչափը Ռուսաստանը պաշտպանում է, այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների և երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքայի և Իրանի մասնակցությամբ համագործակցության ձևաչափ։ Մինչև հիմա մեկ հանդիպում է անցկացվել 2021-ին Մոսկվայում, որին Վրաստանը չի մասնակցել։

Չավուշօղլու-Լավրով հանդիպմանը Ղարաբաղի հարցը քննարկումը հաստատել է նաև թուրքական կողմը։ Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն ասել է, որ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվելու են թուրք - ռուսական առևտրային, էներգետիկ և երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի հակամարտությունը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և «Ղարաբաղի հարցը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև», գրել է Daily Sabah-ը։

Թուրքական կողմը նաև ձգտում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը երկարաձգել 120 օրով, այդ գործաքը ձեռք էր բերվել Թուրքիայի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ, ռուսական կողմն ասել էր, թե 60 օրով կերկարաձգի այն՝ որպես բարի կամքի դրսևորում։

Ռուսաստանի ԱԳՆ-ը նախօրեին տարածած հաղորդագրությունում նշել է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկելու են տարածաշրջանային և միջազգային ակտուալ հարցերի լայն շրջանակ։ Նախատեսված է «ժամացույցների ստուգում» Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի ու Սևծովյան տարածաշրջանի իրավիճակների հետ կապված:

Ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ նախատեսված քննարկման մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում նշված է, որ Լավրովը և Չավուշօղլուն մտքեր կփոխանակեն ուկրաինական ճգնաժամում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ, կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն ու ճանապարհները, ինչը «հնարավոր է բացառապես այն պայմանով, որ Կիևը հաշվի առնի ռուսական շահերն ու մտահոգությունները»։

Նրանք անդրադառնալու են նաև համատեղ ռազմավարական ծրագրերին, ինչպիսին են «Թուրքական հոսք» գազատարի շահագործումը, «Ակկույու» ատոմակայանի շինարարության ընթացքին։ Ապրիլի վերջին նախատեսված է միջուկային վառելիքի տեղափոխում այդ ատոմակայանի առաջին էներգաբլոկ։ «Ակկույու» ատոմակայանը Թուրքիայում կառուցում է Ռուսաստանը։

Դե իսկ տուրիստական սեզոնի նախաշեմին Չավուշօղլուն ու Լավրովը քննարկելու են նաև Թուրքիայում ռուսաստանցիների անվտանգությունն ապահովելու հարցերը։

«Չնայած միջազգային իրավիճակի բարդությանը՝ ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունը, առաջին հերթին՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով, շարունակվում է», - ասված է Լավրովի այցից առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG