Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայտարարում է իր տարածքում ևս մեկ ընդհատակյա իրանական ցանցի բացահայտման մասին


Ադրբեջանում ձերբակալված ենթադրյալ «դիմադրության խմբի» անդամները, 6-ը ապրիլի, 2023թ.
Ադրբեջանում ձերբակալված ենթադրյալ «դիմադրության խմբի» անդամները, 6-ը ապրիլի, 2023թ.

Ադրբեջանի ուժային կառույցները հայտարարում են երկրի տարածքում գործող հերթական իրանական ընդհատակյա գործակալական ցանցի բացահայտման մասին։ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Գլխավոր դատախազությունը այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ պնդում են, որ վերջին օրերին երկրի տարբեր շրջաններում ձերբակալված անձանց նպատակը Ադրբեջանի տարածքում իսլամական կրոնապետության ստեղծումն էր։

Եթե հավատանք ադրբեջանցի ուժայինների այս հայտարարությանը, ապա նոր բացահայտված գործակալական ցանցը ղեկավարել են Իրանում բնակվող և այդ երկրի ուժային կառույցների հետ համագործակցող երկու ադրբեջանցիներ՝ Ռուֆուլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը։ Դատելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հրապարակած տեսանյութից՝ նրանցից մեկը՝ Բախտիյար Բայրամովը, կրոնական գործիչ է։ Ըստ ադրբեջանցի ուժայինների, խմբի ղեկավարներին հաջողվել է հավաքագրել Լեռնային Ղարաբաղին անմիջականորեն սահմանակից Թարթարի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին, որն էլ իր հերթին իրանամետ խմբի կազմում է ընդգրկել ևս չորս հոգու։

«Ախունդզադեն ու Բայրամովն ինձ հանձնարարել են «դիմադրության խումբ» ստեղծել՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ կազմակերպելու, սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու և շարիաթի օրենքներով կառավարվող «Քարիմա» կոչվող պետություն հիմնադրելու համար», - իր խոստովանական ցուցմունքում նշում է Ջումշուդովը։

Ադրբեջանցի ուժայինները նաև հատվածներ են տարածել Ռուֆուլա Ախունդզադեի և Արիֆ Ջումշուդովի զրույցից, որում Ախունդզադեն խոսում է Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծելու, ինչպես նաև ինչ-որ զինյալների կամ ինչպես ինքն է ռուսերեն ձևակերպում՝ "боевик"-ների մասին։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները պնդում են, որ ևս մեկ իրանամետ խումբ են բացահայտել մայրաքաղաք Բաքվում։ Այս մեկի համակարգողները կրկին Բախտիյար Բայրամովն ու Ռուֆուլա Ախունդզադեն են։ Բաքվի և Թարթարի խմբերի ղեկավարներն, ըստ իրավապահների, համագործակցել են։

«Ռուֆուլան ինձ ծանոթացրել է Թարթարի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովի հետ՝ հանձնարարելով համակարգել մեր գործողությունները», - Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած տեսանյութում հայտարարում է որպես Բաքվի «դիմադրության խմբի» ղեկավար ներկայացվող Անար Իսաևը։

Ուշագրավ է, այդուհանդերձ, որ թեև ադրբեջանցի ուժայինները հայտարարում են Ադրբեջանում սահմանադրական կարգը տապալել ծրագրող առնվազն երկու ընդհատակյա խմբերի բացահայտման մասին, այսօր հրապարակված 5-րոպեանոց տեսանյութում որևէ հիշատակում չկա ձերբակալվածներից առգրավված զենքերի մասին։ Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ բացահայտված ցանցի անդամներն առավելապես քարոզիչներ են եղել, որոնք, ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների, «hավատացյալներ ձևանալով՝ սոցիալական ցանցերում և մարդկանց կուտակման վայրերում քարոզել են Իրանի և կրոնական ծայրահեղականության օգտին, կատարել են արտերկրից ստացված հանձնարարությունները, որոնց նպատակն էր Ադրբեջանում ձևավորված կրոնական հանդուրժողականության ավանդույթների խաթարումը»։

Դա, սակայն, այս խմբին ներկայացվող միակ մեղադրանքը չէ։ Իրավապահները պնդում են, թե Թեհրանի օգտին աշխատող Ադրբեջանի այս քաղաքացիներից խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավվել, որը նրանք ստացել էին Իրանից՝ իրենց գործունեությունը ֆինանսավորելու նպատակով։

Հարկավոր է հաշվի առնել, որ վերջին օրերին Ադրբեջանի տարածքում լայն թափ ստացած՝ շիա հավատացյալների ձերբակալությունների ընթացքում թմրանյութեր տարածելու մեղադրանքը գրեթե համատարած բնույթ է կրում։ Ադրբեջանցի մի շարք իրավապաշտպանների և փաստաբանների համոզմամբ՝ այդ մեղադրանքը հիմնականում շինծու է։

«Ձերբակալում են [Իրանի օգտին] լրտեսության մեջ կասկածվող հավատացյալներին, բայց թմրանյութեր տարածելու մեղադրանք են ներկայացնում», - տարակուսում է իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը։

Իրանամետ հերթական ցանցի բացահայտման մասին ադրբեջանական հատուկ ծառայությունները հայտարարեցին Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա ճգնաժամի խորացմանը զուգահեռ։ Այդ ճգնաժամի ևս մեկ դրսևորումը դարձավ Իրանի խորհրդարանի կողմից նախօրեին ընդունված հայտարարությունը, որով իրանցի օրենսդիրները խստորեն դատապարտեցին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։

«Ադրբեջանը գործել է իսլամական աշխարհի շահերին հակառակ՝ դեսպանություն բացելով սիոնիստական վարչակազմի կենտրոնում և իր դեսպանին ներկայացնելով այդ կեղծ ռեժիմի ղեկավարներին», - հայտարարում էին Իրանի խորհրդարանի պատգամավորները՝ զգուշացնելով, որ այդ քայլը «Ադրբեջանի համար բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա, և աշխարհի մահմեդականներն այդ երկիրը որպես պաղեստինցիներին սպանող և կեղեքող սիոնիստական ռեժիմի հանցակից կընկալեն»։

Թեհրանից հնչող այս կոշտ զգուշացումներին ի պատասխան՝ Բաքուն այսօր առաջին անգամ բացահայտորեն հայտարարեց, որ իր նպատակներից մեկը երկրի տարածքում գործող շիա մզկիթներում իրանական ազդեցությունը զրոյացնելն է։

«Իրանը փորձում էր իր մարդկանց տեղավորել մեր մզկիթներում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքները համակարգող պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, սակայն, վերջին մի քանի տարիներին, այն բանից հետո, երբ մոլլաների նշանակումը Կովկասի մահմեդականների վարչությունից անցել է իր ղեկավարած կառույցին, իրանական ազդեցությունը մզկիթներում նվազել է։

«Մենք մզկիթներում 120 նոր մարդկանց ենք նշանակել, որոնք կրթությունը ստացել են Ադրբեջանում և ի վիճակի են արտահայտել մեր երկրի շահերը։118 կրոնական գործիչներ մզկիթներից հեռացվել են», - հայտարարել է Ղուրբանլին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG