Մատչելիության հղումներ

Բաքուն հերքում է սպասվող լայնածավալ զորավարժությունների մասին «տեղեկատվական արտահոսքերը»


Բաքուն հերքում է անցած գիշեր սոցցանցերում տարածված պաշտոնական գրության իսկությունը, որի համաձայն՝ «առաջիկա շաբաթներին Լեռնային Ղարաբաղին և Սյունիքին հարող տարածքներում լայնածավալ զորավարժություններ են անցկացվելու»։

Մի շարք կայքերում և Տելեգրամ ալիքներում հայտնված նամակի պատճենը գրված էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ձևաթղթի վրա և ստորագրված էր երկրի հրշեջ ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Ֆիզուլի Ասադովի կողմից։ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքի, ինչպես նաև Լաչինի, Զանգելանի, Ղուբաթլուի և Ջաբրայիլի շրջանների հրշեջ ծառայությունների ղեկավարներին ուղղված այս նամակում Ասադովը նրանց տեղեկացնում էր ապրիլ ամսվա ընթացքում այդ տարածքներում սպասվող զորավարժությունների մասին՝ հրահանգելով նրանց «արտակարգ իրավիճակների հակազդման ընթացքում հաշվի առնել Ստեփանակերտ քաղաքի (նամակում օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը) և հարող տարածքների լանդշաֆտի առանձնահատկությունները»։

Այսօր առավոտյան արդեն Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հերքմամբ՝ պնդելով, թե համացանցում հայտնված այդ նամակը կեղծ է և իրականության հետ որևէ առնչություն չունի։

«Մեկ անգամ ևս կոչ ենք անում սոցիալական ցանցերի օգտատերերին և լրատվամիջոցներին չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել», - նշված է հերքման տեքստում։

Չնայած այս հերքմանը՝ ադրբեջանական մեկ այլ ուժային կառույց՝ Պաշտպանության նախարարությունը, մարտի վերջից գրեթե ամեն օր հաղորդում է այս կամ զորատեսակի կողմից անցկացվող զորավարժությունների մասին, ճիշտ է, չհստակեցնելով դրանց անցկացման կոնկրետ վայրը։ Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանի ՊՆ-ն հինգ նման հաղորդագրություն է տարածել՝ դրանք ուղեկցելով կարճ տեսանյութերով։

Մարտի 28-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը տեղեկացրեց տանկային ստորաբաժանումների և կիբերանվտանգությամբ զբաղվող կառույցների վարժանքների մասին։ Մարտի 30-ին հաղորդագրություն տարածվեց ռազմաօդային ուժերի վարժական թռիչքների, հաջորդ օրն էլ՝ հրետանավորների մարտավարական պարապմունքների մասին։ Նախօրեին էլ, ըստ ադրբեջանական կողմի, կրկին ուսումնական թռիչքներ են իրականացրել ռազմաօդային ուժերը, բայց արդեն գիշերային ժամերին։

Մոտալուտ լայնածավալ ադրբեջանական զորավարժությունների մասին խոսակցությունները և արդեն իսկ ընթացող մարտավարական վարժանքները ծավալվում են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի հետ հարաբերությունների սրման պայմաններում։ Բաքվի և Թեհրանի միջև առանց այդ էլ բավական բարդ հարաբերությունները էլ ավելի լարվեցին մարտի 28-ին Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձից հետո։

Նախօրեին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ձերբակալել է պատգամավորի դեմ մահափորձի հեղինակներին ու կազմակերպիչներին, որոնք, ըստ ադրբեջանական իշխանությունների, առնչություններ ունեն Իրանի հատուկ ծառայությունների հետ։

Ադրբեջանցի իրավապշտպանների խոսքով՝ վերջին օրերին երկրում զանգվածային բնույթ են ստացել շիա հավատացյալների ձերբակալությունները։ Իրավապաշտպան Ռուֆատ Սաֆարովի պնդմամբ՝ օրինակ՝ մի շարք հաշվարկներ վկայում են, որ վերջին չորս օրերին Ադրբեջանի ողջ տարածքում շուրջ 400 հավատացյալ է ձերբակալվել։ Իրանի նկատմամբ համակրանք տածող, այդ երկրում կրթություն ստացած կրոնական ակտիվիստների զանգվածային ձերբակալությունների ֆոնին պաշտոնական Բաքուն սաստկացնում է նաև հակաիրանական հրետոռաբանությունը։ Այսօր արդեն Իրանի հասցեին աննախադեպ կոշտ հայտարարություններ ու մեղադրանքներ էին հնչում Ադրբեջանի խորհրդարանի ամբիոնից։

«Իրանը զորքեր է կուտակում Նախիջևանի սահմանին։ Մենք պատրաստ ենք կռվել։ Սա այլևս 90-ականների Ադրբեջանը չէ, սա ուժեղ առաջնորդով ուժեղ երկիր է», - այսօր հայտարարում էր Միլի մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։

Ադրբեջանական խորհրդարանի մեկ այլ պատգամավորի՝ Զիյաֆետ Ասքերովի համոզմամբ էլ՝ Իրանը դեմ է անգամ անկախ ադրբեջանական պետության գոյությանը։

«Իրանը չի կարող հանդուրժել անկախ Ադրբեջանի գոյությունը։ Կարող եմ, սակայն, համոզված ասել, որ այն ուժերը, որոնք փոս են փորում Ադրբեջանի համար, իրենք կհայտնվեն այդ փոսում», - հայտարարում էր ադրբեջանցի պատգամավորը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ թե շիա իսլամ դավանող ադրբեջանցիների, այլ քրիստոնյա հայերի բարեկամն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG