Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ․ «Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի հետքերը տանում են դեպի Իրան»


«Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի նախաքննության առաջին հետքերը տանում են դեպի Իրան», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ մեղադրելով հարևան երկրի իշխանություններին Բաքվի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելու, սադրանքների և Երևանի հետ հարաբերությունները սերտացնելու մեջ։

«Հայ-իրանական եղբայրությունը շարունակում է սպառնալիք հանդիսանալ այս տարածաշրջանի համար», - հայտարարել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակը՝ պնդելով, թե Իրանը` «30 տարի որևէ նշանակություն չէր տալիս Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի օկուպացիային»։

Հաջիզադեի այս ելույթը հնչել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի՝ դրանից մի քանի ժամ առաջ հնչեցրած հայտարարություններին ի պատասխան։

Քանանին, այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ պնդում էր, որ օրերս Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենի՝ Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունները՝ «Ադրբեջանը՝ Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող պլացդարմի վերածելու չարագուշակ մտադրությունների ևս մեկ վկայությունն էին»։

Քանանիի պնդմամբ՝ ադրբեջանական իշխանությունները այս առթիվ պետք է հստակ բացատրություններով հանդես գան՝ մեկնաբանելով Քոենի այն հայտարարությունը, որի համաձայն Իսրայելն ու Ադրբեջանը «միասնական ճակատ են ձևավորում ընդդեմ Իրանի»։

Իսլամական հանրապետության ԱԳՆ խոսնակը այսօր նաև հույս էր հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններին կհաջողվի խուսափել այն դավադրության զոհը դառնալուց, որը նյութում են Բաքվի և Թեհրանի բարիդրացիական հարաբերությունների հակառակորդները։

Քանանիի այս հայտարարությունը հնչեց երկկողմ հարաբերություններում շարունակվող ճգնաժամի խորացման պայմաններում։ Դրա ևս մեկ վկայությունը դարձան Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարիի՝ մարտի 29-ին հնչեցրած հայտարարությունները և դրանց՝ Բաքվի կոշտ հակադարձումները։

«Կովկասում մի շարք զգայուն խնդիրներ են առկա՝ մասնավորաբար մանկասպան սիոնիստական վարչակազմի ներկայությունը Ադրբեջանի տարածքում», - հայտարարում էր գեներալը՝ հարևան երկրի տարածքում իսրայելցիների ներկայությունից բացի Թեհրանին խիստ մտահոգող որակելով նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի աշնանը՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Սիրիայից Ադրբեջան բերված զինյալները, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման անդամները, շարունակում են մնալ Իրանի հյուսիսային սահմանների մոտ։

«Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Սիրիայից հրավիրված «Իսլամական պետության» ահաբեկիչների հարցը առկա խնդիրներից ևս մեկն է։ Իրանը որևէ հավաստի ապացույց այդպես էլ չի ստացել, որ կվկայեր այն մասին, որ այդ տարրերը լքել են տարածաշրջանը», - հայտարարում էր գեներալ Հեյդարին։

Բացի այդ իրանցի զինվորականը մեկ անգամ ևս կրկնեց այն առանցքային թեզը, որ Թեհրանը սկսել է հնչեցնել 2020 թվականի պատերազմից հետո՝ Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։

«Իրանը հարգում է հարևան պետությունների սահմանները և դրանց փոփոխություն չի հանդուրժի», - հայտարարում էր գեներալը։

Ադրբեջանական կողմը, ինչպես և կարելի էր ակնկալել, Քյումարս Հեյդարիի այս բոլոր մեղադրանքները կտրականապես հերքեց՝ դրանք «աբսուրդային» որակելով։

«Գեներալը պնդում է, թե Ադրբեջանի տարածքում, իբր, «սիոնիստական» ուժեր կան, իսկ «Իսլամական պետություն» խմբավորման՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Սիրիայից, իբր, բերված ահաբեկիչները մինչ օրս Ադրբեջանի տարածքում են։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի բանակը միայնակ է մեր հողերն ազատագրել օկուպացիայից», - պնդում էր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն՝ ընդգծելով, թե Հեյդարիի հայտարարությունները «մեղադրանք ու զրպարտություն են»։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան, իսկ Թեհրանի՝ մեր երկրի հասցեին ուղղված մեղադրանքներն անընդունելի են և հիմնազուրկ», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը չի շրջանցել նաև Հեյդարիի հայտարարությունների՝ սահմանների փոփոխությանը վերաբերող հատվածը՝ պնդելով, թե 2020 թվականի պատերազմին նախորդած տասնամյակների ընթացքում Իրանը երբեք նույն հստակությամբ չի արտահայտվել ընդդեմ Հայաստանի։

«Այդ տարիներին իրանա-հայկական եղբայրությունը միայն ամրապնդվել է։ Եվ այսօր, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհում Հայաստանի գլխավոր դաշնակիցներն են Ֆրանսիան և Իրանը», - պնդում էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա ճգնաժամի արդեն ավանդական դարձած պատճառներին՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների սերտացմանն ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական զորքերի կուտակումներին այս շաբաթ ավելացավ ևս մեկը։ Խոսքը ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի մասին է, որի իրագործման մեջ ադրբեջանցի իշխանամետ օրենսդիրները շտապեցին մեղադրել հենց Թեհրանին։ Այն, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները վտանգավոր սահմանագծի են մոտեցել պարզ դարձավ երկու օր առաջ Մոսկվայից հնչած հայտարարություններից, երբ իր իրանցի պաշտոնակցի հետ ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը Թեհրանին և Բաքվին նույնիսկ միջնորդական ծառայություններ առաջարկեց։

«Հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի ներկայիս հակասությունները ժամանակավոր բնույթ ունեն և շուտափույթ կերպով կհաղթահարվեն։ Մենք պատրաստ ենք աջակցել մեր բարեկամներին առկա խնդիրների լուծման հարցում», - հայտարարում էր Լավրովը։

XS
SM
MD
LG