Մատչելիության հղումներ

Վիգեն Էուլջեքյանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ զանգահարել է ընտանիքին


Բաքվում 20 տարվա ազատազրկման դատավճռով բանտված հայ գերուն՝ Վիգեն Էուլջեքյանին խոշտանգումների ենթարկելով սպանել են։ Շաբաթ օրը համացանցի տարբեր հարթակներում այս լուրն էր պտտվում։

«Երկու օր ընտանիքով դժոխքում էինք, մինչև որ նա զանգահարեց։ Նա լավ է, ձայնը պարզ էր, մոտ 12 րոպե խոսեցինք», - ժպիտով ասում է Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Իմանը։

Բաքվում 20 տարվա ազատազրկման դատավճռով բանտված հայ գերուն՝ Վիգեն Էուլջեքյանին խոշտանգումների ենթարկելով սպանել են։ Շաբաթ օրը համացանցի տարբեր հարթակներում այս լուրն էր պտտվում։

Լինդան պատմում է՝ բոլորս շոկի մեջ էինք՝ Վիգենի դուստրը, որդին, տարեց մայրը։ Ինքն է սկսել Կարմիր խաչի լիբանանյան գրասենյակ զանգահարել, նամակներ գրել Բեյրությում մարդու իրավունքներով զբաղվող կառույցներին։ Հանգստյան օրեր էին, ոչ մի արձագանք։ Զուգահեռ տեղեկությունը փորձում էր ճշտել Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, լիբանանահայ գործիչ Փոլա Յակուբյանը Վիգենի ընտանքին է այցելում։ Միայն երկուշաբթի օրվա զանգից պարզ դարձավ, որ լուրը կեղծ է։

«Երբ զանգահարեց, առաջին հարցն էր՝ ի՞նչ է պատահել», - փոխանցեց Լինդան։

Բաքվի բանտում պահվող գերին ընտանիքի հետ կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ։

«Տեղյակ են տարածվող տեղեկություններից։ Բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 3-ին մեր ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են այդ անձին, տեսակցել են համաձայն մեր ընթացակարգերի։ Անձը ունեցել է հնարավորություն նաև իր ընտանիքի հետ կապվել», - ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրա տեղեկացմամբ, Վիգեն Էուլջեքյանը նաև տեսագրված հաղորդագրություն է փոխանցել ընտանիքին։ Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, պահման պայմաններին, Ամատունին ասաց. - «Եթե կան խնդիրներ, քննարկում ենք տեղի իշխանության հետ։ Այդ այցերի շրջանակներում առաջին հերթին հետաքրքրված ենք անձանց առողջության հարցերով, իրենց պահման պայմաններով։ Սակայն նման տեղեկությունները մենք չենք կիսում հանրության հետ։ Այս դեպքում ևս ես չեմ կարող որևէ հանրային մեկնաբանություն թողնել անձի առողջական վիճակի վերաբերյալ»։

Լիբանանահայ Էուլջեքյանը գերեվարվել էր եռակողմ հայտարարությունից ժամեր անց ՝ Շուշիի մոտ։ Տեղյակ չէր, որ քաղաքը գրավված է՝ իրերի հետևից էր գնում։ Պաշտոնական Բաքուն գերեվարումից հետո նրան ներկայացրեց որպես փողի դիմաց կռվող վարձկան-ահաբեկիչ ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Վիգենից բացի, Բաքվի բանտերում այժմ ևս 32 հայ ռազմագերի է պահվում, նրանց տարբեր հանցանքներ են վերագրված՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորում կազմելը։ Դատապարտման ժամկետները՝ 6-ից մինչև 20 տարի։

Վիգենի արաբ կինն այժմ լիբանանցի փաստաբան Ամին Բաշիրի միջոցով փորձում է մեղմել նրա կարգավիճակը, բողոքարկել դատավճիռը։

«Մենք հիմա տեսնում ենք, որ առաջին դատավճռով Վիգենը որպես վարձկան է ճանաչվել, այլ ոչ թե ռազմագերի։ Մենք փորձում ենք բողոքարկել այդ դատավճիռը, որպեսզի իրավիճակը փոխվի, և նրան վերաբերվեն որպես Հայաստանի քաղաքացու։ Նա ունի երկքաղաքացիություն՝ Լիբանանի և Հայաստանի։ Նա պատերազմ չի գնացել Հայաստանի իշխանության տված փողի դիմաց», - ասում է փաստաբանը։

Կարևորը որ ողջ է՝ ամուսնուն իր հետ նույն հարկի տակ տեսնելու հույսը չի կորցնում Լինդան, վերջին հեռախոսազանգի ժամանակ Վիգենը մայրիկից գլխարկ ու շարֆ է ուզել։ Մի՞թե մինչև հաջորդ ձմեռ չես գալու՝ անհանգստացել է տիկին Բեատրիսը։ Վիգենը պատասխանել է՝ եթե գամ, այդտեղ կհանգնեմ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG