Մատչելիության հղումներ

Մարալ Նաջարյանը փափագում է, որ բոլոր գերիները վերադառնան ու զգան այն ուրախությունը, որ այսօր ինքն զգաց


Մարալ Նաջարյան
Մարալ Նաջարյան

Մարալ Նաջարյանը Հայաստանում կրկին փորձում է նոր կյանք սկսել. նոր անձնագիր այսօր ստացավ , Մաշտոցի անձնագրային բաժանմունքում։

Արտերկիր մեկնելու վավերականության ժամկետը՝ 5 տարով, կա։ Մարալը ծիծաղում է՝ Հայաստանից եթե հեռանա ՝ շատ կարճ ժամանակով. - «Պտույտ կգնամ-կգամ։ Բայց մնայուն էստեղ պիտի մնամ»։

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստանի քաղաքացի է 2014 թվականից, նրա հայկական անձնագիրը Բաքվում է մնացել։

Մարալը գերեվարվել էր Վիգեն Էուլջեքյանի հետ նախորդ տարվա նոյեմբերին եռակողմ հայտարարությունից հետո. իրերի հետևից Բերձոր ու Շուշի էին գնում։ Մարալը գերության մեջ չորս ամիս անցկացրեց և վերադարձվեց Լիբանան։ Իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Նրա ու մյուս հայ գերիների ճակատագիրը դեռևս անորոշ է մնում։

«Կառավարական մեծ ուժ պետք է լինի, որ միջնորդ լինի մեր գերիներին, բարեխոսի... Հույսով եմ, բոլորն էլ պիտի գան։ Անկասկած», - ասաց Մարալը։

Մարալը գերեվարվելուց առաջ, ավելի ճիշտ պատերազմի հենց նախօրեին Բերձորում էր հաստատվել. տեղի կառավարությունը վերաբնակեցման ծրագրով նրան տուն էր խոստացել։

Արցախ տանող ճանապարհից Մարալը գերության դժոխքից հետո էլ չի սարսափում. - «Եթե բախտիս մեջ կա, պիտի գնամ, ինչո՞ւ պիտի վախենամ»։

Մարալ Նաջարյանը Հայաստան վերադարձավ մեկ ամիս առաջ, դեռ օդանավակայանի ճանապարհին ասաց, որ ուզում է վարսահարդարի, մատնահարդարի մի գործ գտնել ու մնալ այստեղ։ Շատերը զանգեցին, բայց պայմանները, ասում է, այնպիսին էին, որ այդ եկամուտով ապրել հնարավոր չէր լինի։ Ո'չ հուսահատվեց, ո'չ էլ փոշմանեց։ Ասում է՝ շարունակում էի ուրախ լինել, որ այստեղ եմ. - «Ամերիկա, Կանադա, Ֆրանսիա, շատ երկրներից ուզեցին, որ այնտեղ հաստատվեմ, բայց ես ասացի՝ ոչ, իմ հայրենիքս ինձ համար թանկ է»։

Ի վերջո սպասումները իրականացել են՝ պրոֆեսոր Մովսիսյանի անվան առողջության կենտրոնում Մարալի համար աշխատասենյակ են առանձնացրել, շուտով գործիքներ էլ կգնեն ու Մարալը կանցնի գործի որպես մատնահարդար։

Նրա երազանքն է, որ որդին ու դուստրն էլ Հայաստանում միանան իրեն։
Մարալն այսօր նոր անձնագիրն ստացավ, տեսավ իր ապագա աշխատավայրը։ Իսկ ամենակարևոր նվերը վերջում էր՝ կադաստրի Աբովյանի սպասարկման գրասենյակում, որտեղ նա որպես նվեր ստացավ հազար քառակուսի մետր հողամաս Գառնիում։

Մարալ Նաջարյանի ընտանիքը կդառնա Գառնիի 2501-րդ ընտանիքը։ Հողամասը նորակառույցների թաղում է, տասն օր առաջ են տեսել ու շատ հավանել։

Անանուն նվիրատուն ու նրա ընկերները հույս ունեն, որ փոքրիկ մի տուն այս հողամասի վրա արագ կբարձրանա։ Մարալը մտքում արդեն ծաղկեցրել է պարտեզը, գոմը լցրել անասուններով ու ամենակարևորը՝ հավաքել ընտանիքի անդամներին. - «Կոկիկ տուն մը, հավաքեմ ընտանիքս բոլորը մեջը»...

Ադրբեջանի երեք բանտերով անցած Մարալը հավատում է, որ միշտ, ամենափակուղային իրավիճակներում էլ մի լավ ելք կա , լինելու է. - «Ինչքան էլ որ ծովը ալեկոծվի, հանդարտվելու է մի օր»։

Մարալ Նաջարյանը փափագում է, որ բոլոր գերիները վերադառնան ու զգան այն ուրախությունը, որ այսօր ինքն զգաց։

XS
SM
MD
LG