Մատչելիության հղումներ

Ռազմագերիների նկատմամբ դատական ակտերի առկայությունը խոչընդոտ չէ նրանց վերադարձնելու, շեշտում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը


Հայ գերիների վերադարձը, Երևան, օդանավակայան
Հայ գերիների վերադարձը, Երևան, օդանավակայան

Մինչ հայկական կողմը և միջագային հանրությունը շարունակում են կոչ անել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին, ադրբեջանական իրավապահները մեկը մյուսի հետևից դատարան են ուղարկում հայ ռազմագերիների նոր մեղադրականները։

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ երկու ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն` ուղարկվել Գյանջայի դատարան։ Երկուսն էլ մեղադրվում են հրազենով ահաբեկչություն կատարելու համար։

Նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից ամիսներ անց՝ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում զորամասի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Այդ օրը ադրբեջանցիները 6 զինծառայողի էին գերեվարել, 4-ին կարճ ժամանակ անց վերադարձրել։ Հետո Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը գերեվարվածների այս խմբի տվյալները ևս ներկայացրել էր միջազգային դատարանին՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել:

«Փորձը ցույց է տալիս, որ քրեական վարույթների առկայությունը, որոշ դեպքերում նաև դատական ակտերի առկայությունը խոչընդոտ չէ այդ անձանց վերադարձնելու, որովհետև գիտեք, վերադարձված անձանց մեջ կան մարդիկ, ում նկատմամբ հարուցված են եղել գործեր, ում նկատմամբ եղել են նաև դատական ակտեր, բայց այդուհանդերձ, վերադարձը տեղի է ունեցել», - «Ազատությանն» ասաց գրասենյակի աշխատակազմի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

Նրա խոսքով` անցած ամիսներին Հայաստան վերադարձած 100-ից ավելի ռազմագերիների մեծ մասը Ադրբեջանում անցել է տարբեր քրեական գործերով, ինչը, սակայն, չի նշանակում, որ դրանք կապ ունեն իրավաբանության հետ։ Ռազմագերիների այս գործերը շինծու են, հարուցվում են` ցույց տալու, թե իբր ընթանում են իրավական գործընթացներ, ոչ ավելին, պնդում է հայկական կողմը։

«Դրանց հաջորդող գործընթացները և Ադրբեջանի գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ այստեղ բացարձակ կամայականություն է գործում, ինչպես նշեցի, ու բոլոր դեպքերում նույնիսկ այդ դատավարությունների նախաձեռնության դեպքում խախտվում են անձանց իրավունքները», - նկատեց նա:

Դրմեյանն ընդգծում է՝ էական չէ, թե ադրբեջանական դատարանի առջև կանգնող երկու հայ զինվորականները գերեվարվել են 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից առաջ, թե հետո, էականն այն է, որ Արբեջանը Ժնևյան կոնվենցիաներով պետք է վերադարձնի բոլոր գերիներին։

«Կլինի դա հայտարարության մեջ, թե չի լինի, սա այս պահին առավել երկրորդական նշանակություն ունի, որովհետև ուղղակիորեն գործում են միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, և դարձյալ վերցնելով գերի զինծառայողներին և չվերադարձնելով` Ադրբեջանը շարունակում է խախտել այն դրույթները, որոնց պարտավորվել է հետևել, այսինքն` Ժնևյան կոնվենցիաների մասին է, այս դեպքում խոսքը Ժնևի երրորդ կոնվենցիայի մասին է», - ասաց գրասենյակի աշխատակազմի ղեկավարը:

Գերիներին Բաքուն օգտագործում է քաղաքական նպատակներով. իրավապաշտպան

Եվրոպական դատարանում տասնյակ հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ընդգծում է՝ այն, որ նույն օրը, նույն հանգամանքներում գերեվարված զինծառայողներից չորսը վերադարձվել են, իսկ երկուսին պաշտոնական Բաքուն, պահելով ճաղերի հետևում, դատում է, ևս մեկ անգամ ընդգծում է այդ երկրի ոչ իրավական գործողությունների, ավելին՝ գերիներին քաղաքական նկատառումներով օգտագործելու մասին։

«Զուտ հայ-ադրբեջանական հարաբերություններով պայմանավորված` գերիներն օգտագործվում են որպես գործիք տարաբնույթ վարկածներ միջազգայնացնելու համար», - նշեց Սահակյանը` հիշեցնելով, որ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձված շատ գերիների Ադրբեջանն իր տարածքում դատապարտել էր 4-6 տարվա ազատազրկման։ Այսպես, եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի շրջակայքից գերեվարված 64 պահեստազորայիններից դեռ գերության մեջ են 33-ը։ Ադրբեջանը հաստատում է, որ իր տարածքում 40 գերի կա, նրանք բոլորն էլ անցնում են քրեական գործերով, Բաքուն նրանց ռազմական հանցագործներ է համարում։

Սահակյանը հիշեցնում է նաև, որ սկզբում Ադրբեջանը ավելի խիստ հոդվածներ էր առաջադրել գերիներին՝ մեղադրելով ահաբեկչության համար, ընթացքում մեղմացրել էր հոդվածները. «Ընթացքում նահանջ է արձանագրվել, նրանք հրաժարվել են այդ մեղադրանքներից, զուտ անհեթեթ պատճառներով դեռևս պահում են ապօրինի սահման հատելը, և իհարկե, մենք ևս հասկանում ենք, որ սահման հատելու համար հետապնդելը ևս քաղաքական նկատակ ունի և որոշակի առումով առնչվում է հայ-ադրբեջանական սահմանների հստակեցման խնդրին, ինչի ուղղությամբ ինտենսիվ ջանքեր է գործադրում Ադրբեջանը»:

Բաքուն ամենախիստ պատիժ է սահմանել լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի, նաև հայաստանցիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ։ Էուլջեքյանը ամիսներ առաջ վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, նույնքան ժամկետով դատապարտվեցին Խոսրովյանն ու Մկրտչյանը՝ առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին կտտանքների ենթարկելու, ինչպես նաև ադրբեջանական բանակի դեմ այլ հանցագործություններ կատարելու համար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG