Մատչելիության հղումներ

Մենք համոզված ենք, որ Էուլջեքյանի իրավունքները Ադրբեջանը խախտում է․ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար


Վիգեն Էուլջեքյանը ադրբեջանցիների տարածած տեսանյութում։ Դեկտեմբեր, 2020

Բաքվի դատարանն այսօր 20 տարվա ազատազրկման է դատապարտել 44-օրյա պատերազմի ավարտից հետո Շուշիի տարածքից գերեվարված հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքյանին։ Հայաստանի և Լիբանանի քաղաքացուն Ադրբեջանի դատախազությունը մեղադրում է վարձկանության, ահաբեկչության և սահմանը ապօրինի հատելու համար։

Պաշտոնական Բաքուն ընդգծում է 41-ամյա Էուլջեքյանի Լիբանանի քաղաքացի լինելը՝ պնդելով, թե նա պատերազմին մասնակցել է դրամական վարձատրության դիմաց։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի խոսքով, դատավճիռը ստանալուց հետո Եվրոպական դատարանը կքննի այս դատավարության մանրամասները և հավանական է, որ կարձանագրի Ադրբեջանի թույլ տված խախտումները։ Թեև տարիներ կտևեն, բայց գոնե Եվրադատարանի որոշումից հետո, երբ արձանագրվեն այդ խախտումները ու որոշում կայացվի, ու եթե մինչ այդ նա Հայաստան արտահանձնված չլինի, ապա ազատ կարձակվի, ասում է Լիպարիտ Դրմեյանը․ - «Մենք համոզված ենք, որ նրա իրավունքները Ադրբեջանը խախտում է այդ թվում դատապարտելու միջոցով։ Ուրեմն Ադրբեջանը պարտավորված կլինի այդ վճռի ուժով ազատ արձակել իրեն»։

Հայկական կողմը բազմիցս է պնդել, որ Վիգեն Էուլջեքյանի և մյուս ռազմագերիների դատավարությունն անցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Նախ, նրանք զրկված են իրենց ընտրած փաստաբանն ունենալու իրավունքից, ապացույցները հավաքվել են խախտումներով։ Մասնավորապես, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վիգեն Էուլջեքյանի դեմ ցուցմունք է տվել նրա հետ գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որը մի քանի ամիս առաջ վերադարձավ Բեյրութ։

Դրմեյանն ասում է, որ գերեվարված, ադրբեջանական բանտում պահված կնոջ ցուցմունքները չեն կարող որևէ մեղադրանքի հիմքում դրվել։ Ստրասբուրգի դատարանը քննելով այս դրվագը՝ կարող է արձանագրել այդ խախտումը․ - «Ակնհայտ է, որ խոսքը գնում է գերեվարված կամ պատանդ վերցված մեկ անձի՝ մյուսի դեմ ցուցմունք տալու մասին, և ողջամիտ կասկածից վեր է, որ այս անձինք ենթարկվել են այնպիսի կտտանքների և այնպիսի ռեպրեսիաների, որ ստիպված են եղել ասել այն, ինչ իրենց պարտադրված է եղել»։

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը պնդում է, որ Վիգեն Էուլջեքյանի գործով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե պատերազմի ժամանակ հայկական կողմը ևս վարձկաններ է ունեցել։ Բայց այստեղ կա էական տարբերություն․ Էուլջեքյանը, ի տարբերություն վարձկանության համար Հայաստանում ցմահ դատապարտված Սիրիայի երկու քաղաքացիների, Հայաստանի քաղաքացի է, էթնիկ հայ․ - «Գործով ձեռք բերված նյութերը այդ վարձկանների վերաբերյալ բավարար են արձանագրելու, որ այդ անձինք տեղափոխվել են Ադրբեջան՝ վարձկանի կարգավիճակով մասնակցելու մարտերին։ Ձեռք բերված ապացույցները թույլ են տալիս այդ պնդումը անել, հետևաբար եթե Ադրբեջանը կկարողանա ներկայացնել հակափաստարկ, թող ներկայացնի, տեսնենք ինչ է ներկայացում»։

Վերջերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի, որով հայկական կողմը խնդրել էր պարտադրել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում գերեվարված և տարբեր մեղադրանքներով դատվող գերիներին։ Դատարանը վկայաբերել է իր լիազորությունները, գրել, որ նման իրավասություն չունի։

Այս առնչությամբ Դրմեյանն ասաց․ - «Փորձ էր։ Սա միջոց էր, որով Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կոնտեքստում հրատապ միջոցի տեսքով փորձում էր լուծում տալ, հնարավոր խախտումներից խուսափել։ Բայց հարցը ինքնին՝ այդ ամբողջ դատավարությունները, բոլոր գերիների խախտումները, այդ ամենը արդեն ներկայացված է միջպետական գանգատի շրջանակում։ Եվ վերջնական լուծումը տրվելու է միջպետական գանգատի վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից վճիռ կայացնելով»։

Լիպարիտ Դրմեյանը տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանի կայացրած վճիռների կատարումը վերահսկող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննելով հայ ռազմագերիների հարցերով Ադրբեջանի վարքագիծը՝ հայտնել է, որ միջանկյալ միջոցների որոշումների կատարումը վերահսկելու լծակներ չունի, հետևաբար չի կարող Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել։

Հայկական կողմը բազմիցս է շեշտել, որ Ադրբեջանը, ըստ էության, չի կատարում Եվրադատարանի կայացրած միջանկյալ որոշումները և պատշաճ տեղեկատվություն չի ներկայացնում դատարան, և այս հարցը ներկայացվել էր Նախարարների կոմիտե։

Այս պահին ադրբեջանական դատարանների առջև է կանգնած ոչ միայն Վիգեն Էուլջեքյանը, այլև պատերազմի ընթացքում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը, և պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին թաղեր հատվածներից գերեվարված 40 պահեստազորայինները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG