Մատչելիության հղումներ

Բաքվում բանտված Վիգեն Էուլջեքյանի փաստաբանը փորձում է հասնել դատական գործի վերանայմանը


Բաքվում բանտված Վիգեն Էուլջեքյանի որդին՝ Սերժը, տեսանամակ է հղել հորը։ Բեյրութ-Բաքու կապը պահպանում են Կարմիր խաչի միջոցով:

«Պապա, քեզ լավ նայիր և միշտ հիշի, որ ընտանիքդ սպասում է, որ վերադառնաս, սիրում եմ քեզ շատ», - ասում է Սերժը իր տեսանամակում:

Շուտով երկու տարին կլրանա՝ Վիգեն Էուլջեքյանը բանտում է: Նա գերեվարվել էր եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր անց, երբ փորձել էր Շուշիից անձնական իրերը վերցնել, անտեղյակ, որ քաղաքում արդեն ադրբեջանցիներն են: Լիբանանահայ Վիգենը պատերազմի օրերին մի քանի օրով էր առաջնագիծ մեկնել, բայց պաշտոնական Բաքուն նրան ներկայացրեց որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան ու դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով։

Վիգենի արաբուհի կինը՝ Լինդա Իմանն ամուսնու հետ վերջին հեռախոսազրույցն է հիշում փետրվարին, ողջ ընթացքում լաց էր լինում: «ուզում եմ մեռնել», ասում էր:

«Նա ուզում է մահանալ, սպասել չի կարողանում», - ամուսնու խոսքերը փոխանցում է կինը:


Ընտանիքն այժմ փորձում է փաստաբանի միջոցով մեղմել 20 տարով բանտում փակված Վիգեն Էուլջեքյանի կարգավիճակը։ Լիբանանցի փաստաբան Ամին Բաշիրն է այժմ փորձում օգնել։

«Մենք հիմա տեսնում ենք, որ առաջին դատավճռով Վիգենը որպես վարձկան է ճանաչվել, այլ ոչ թե ռազմագերի։ Մենք փորձում ենք բողոքարկել այդ դատավճիռը, որպեսզի իրավիճակը փոխվի, և նրան վերաբերվեն որպես Հայաստանի քաղաքացու։ Նա ունի երկքաղաքացիություն՝ Լիբանանի և Հայաստանի։ Նա պատերազմ չի գնացել Հայաստանի իշխանության տված փողի դիմաց», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Փաստաբան Բաշիրը շեշտում է՝ իր նպատակն է, որ Ադրբեջանի դատարանը գործը վերանայի։ Գործընթացն սկսելու համար փորձել է կապ հաստատել ադրբեջանական իրավաբանական ընկերությունների հետ, ապարդյուն, չեն արձագանքել: Հայ գերու գործով զբաղվելու համար Բաքու գնալն էլ, հասկացել է, անվտանգ չէ. - «Երբ նրանք իմանան, թե ինչ եմ անելու Ադրբեջանում, հատկապես որ ես պատրաստվում եմ պաշտպանել Վիգենին, դա կնշանակի, որ ինձ համար անվտանգ չի լինելու, քանի որ, ինչպես գիտեք, Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ, այդ երկրում խոսքի ազատություն չկա։ Եվ նույնիսկ երբ մենք կապ հաստատեցինք Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ, դիվանագիտական անձնակազմից ոչ ոք մեզ չերաշխավորեց, որ գնալն անվտանգ է լինելու»:

Ամին Բաշիրը հիմա ծրագրում է Թուրքիա գնալ, գտնել իրավաբանական մի գրասենյակ, որտեղ կհամաձայնեն պաշտպանել հայ գերուն Բաքվում: Վստահ է՝ թուրք փաստաբանների համար ավելի հեշտ կլինի աշխատել. - «Առնվազն նրանց աշխատելու պայմանները ավելի լավ կլինեն, քան իմ՝ որպես լիբանանցի իրավաբանի։ Այդ իսկ պատճառով մենք որոշում կայացրինք գնալ և ընտրել թուրք փաստաբաններին։ Հուսով եմ՝ մենք կհաջողվենք»։

Փաստաբանը շեշտում է, որ որևէ կառույցից աջակցություն չունի, միայն Վիգենի ընտանիքի հետ է աշխատում, ընդ որում անվարձահայտույց, խնդրել է միայն ապահովել Թուրքիա, ապա Բաքու մեկնելու ծախսերը:


Վիգենի դուստրը՝ Քրիստինը փորձում է դրամահավաքի միջոցով գումարի հարցը լուծել: Լիբանանյան ճգնաժամի պայմաններում ընտանքը ֆինանսական ծանր վիճակում է:
Կինը փորձում է հավատալ, որ հնարավոր կլինի փաստաբանի միջոցով մեղմել ամուսնու բանտային պայմանները, ի վերջո ազատ արձակել նրան:

«Մի փոքր հույս ունեմ, որ թուրք փաստաբանն այս դեպքում կօգնի մեզ: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, ցույց տալ, որ Վիգենը մարդասպան չէ», - նշում է Լինդա Իմանը:

Վիգենից բացի, Բաքվի բանտերում այժմ ևս 32 հայ ռազմագերի է պահվում՝ նրանց տարբեր հանցանքներ են վերագրված՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև զինված խմբավորում կազմելը, դատապարտման ժամկետները՝ 6-ից մինչև 20 տարի։ Գերիների թվում են 44-օրյա պատերազմի մարտական գործողությունների հետ բոլորովին կապ չունեցած մարդիկ։

Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ընդգծում է՝ իրավական միակ ուղին այս փուլում միջազգային մեխանիզմներն են:

«Խնդիրը պետք է դառնա միջազգայնորեն այդ քննության արդյունքները չեզոքացնելը, որին հնարավոր է հասնել արդար դատաքննության իրավունքի խախտումները հիմնավորելու ճանապարհով: Այստեղ պետք է ցուցադրվի, որ մեղադրանքի իրական հիմքեր չկան, քննությունն իր ամբողջության մեջ եղել է ոչ արդար», - նշեց նա:


Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը Ստրասբուրգի դատարան միջպետական գանգատ էր ուղարկել Բաքվում հայ գերիների արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ, գերիներից 6-ի մասով Սիրանուշ Սահակյան -Արտակ Զեյնալյան փաստաբանական թիմն է գանգատ ներկայացրել։ Երբ է հարցը քննարկվելու՝ ոչ ոք չգիտի, դատարանն է որոշելու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG