Մատչելիության հղումներ

«Զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը». Արցախում գնաճը կանգ չի առնում


«Դժվարն ուտելը չէ, դժվարը մարսելն է», - Արցախում գներն այնքան են թանկացել, որ Ազգային ժողովի նախագահն է պաշտոնապես կոչ հղել ապրանքը թանկացրած վաճառողներին և այդ կոչում հիշել նույնիսկ Իլոն Մասկին:

«Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Սթիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Խելքի եկե՛ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը», - հայտարարել է ԱԺ նախագահը:

Ովքե՞ր են կարողանում շուրջ 110 օր բլոկադայի մեջ գտնվող Արցախ բեռներ հասցնել՝ այս հարցն էլ մի առանձին քաղաքական բանավեճի թեմա է դարձել։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը օրերս հայտարարեց, թե պաշտոնյաների հետ կապ ունեցող մի քանի հոգի են խաղաղապահների հետ պայմանավորվում ու ապրանք բերում:

«Բերում են ձմերուկ կամ անանաս, ես ուզում եմ ասել, որ ամոթ էդ մարդկանց, ես չեմ ուզում թաքցնել, որ իմ համար դա անընդունելի է, որ մարդիկ 100 դրամ փող աշխատելու համար պամելո, անանաս կամ ուրիշ բաներ են բերում», - նշեց Վարդանյանը:

«Մենք թափանցիկության էինք ձգտում, հիմա հետ են գնում», - պետնախարարության ամիսներն է հիշել Վարդանյանն ու արձագանք ստացել պատգամավոր Սեյրան Հայրապետյանից, վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հարցնում է՝ «կառավարական կուլուարներում բրնձով և գազարով փլավ էր մատուցվո՞ւմ»:

«Իսկ ռուսների միջոցով առևտուր անելը ո՞վ մոդա գցեց։ Պատասխանեմ՝ ձեր հայրենասեր թիմը, ով հատուկ ծանոթի կարգով էր վառելիք ու ծխախոտ տրամադրում և մարդիկ ստիպված սկսեցին դիմել ռուսներին», - գրել է Հայրապետյանը։

Պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանին փոխարինած Գուրգեն Ներսիսյանը գնաճի դեմ պայքարի մի նոր մեթոդ ներմուծեց՝ թույլատրելիից բարձր գին կրակած տնտեսվարողը կտուգանվի մինչև մեկ միլիոն դրամով: Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի տպավորությամբ գները զսպելու մեթոդն արդյունավետ է՝ 67 տնտեսվարողի նկատմամաբ վարույթներ են հարուցվել:

«Վերջին 3-4 օրվա ընթացքում վերահսկողական աշխատանքների և նաև այդ տարբեր ճանապարհների մատակարարումները երբ որ չկան, ոչ թե լրիվությամբ, այլ միանշանակ իր արդյունավետությունը ունի», - ասաց Սարգսյանը:

Արցախցիներն, ըստ Սարգսյանի, գներից բողոքում են, քանի որ որոշակի մարդիկ, երբ իրենց միջոցներով ապրանք են հասցնում Արցախ, հավելյալ թանկացնում են դա. - «Խնդիրը նրա մեջ է, որ չպետք է մոռանանք ինչ վիճակում ենք և որևէ ճանապարհ չունենք ազատ ելումուտի, գիտենք, որ բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում ապրանքների ներմուծման համար, և որոշ մարդիկ, տնտեսվարողներ այլ ճանապարհով, այլ մեթոդներով կարողանում են ապրանք բերել և վրադիրը շատ են դնում»:

Բլոկադայի այս ամիսների ընթացքում մեզ հետ զրուցած արցախցիները բազմիցս են պատմել այն, ինչ հենց վաճառողներից են լսել՝ բեռը տեղ հասցնելու համար վճարում են խաղաղապահներին։ Կոմիտեի նախագահը շեշտում է՝ պետությունն առաջին անհրաժեշտության ապրանքներ, այն էլ խիստ սահմանափակ հումանիտար բեռ, ռուս խաղաղապահների միջոցով է տեղ հասցնում, եթե կան տնտեսվարողներ, որ ինչ-որ ապրանք են բերում, պիտի այդ ապրանքը ընկալելի գին ունենա։ Այդ ընկալելին պետությունը սահմանել է։

Ստեփանակերտցի Նաիրա Բալայանը 14 հոգանոց իր ընտանիքի դժվարության մասին է պատմում՝ բոլորով փորձում են անտարբեր ձևանալ կոնֆետի կողքով անցնելիս:

«Հիմա ես կարող ա ամիսը մի անգամ կես կիլո կամ չգիտեմ քանի գրամ կոնֆետ առնեմ, որ մեկ-մեկ երեխաներին բաժանեմ», - ներկայացրեց Բալայանը:

Շարքային «Ծիծեռնակի» մեկ կիլոգրամը 7 հազար դրամը գերազանցում է... Խանութներից, ստեփանակերտցի կինն ասում է, կտրոնով առանց մեծ դժվարության կարող են ձեռք բերել միայն շաքարավազ, ձեթ ու բրինձ, մակարոն, միրգ-բանջարեղենը շարունակում է դեֆիցիտ մնալ, կարտոֆիլի փոխարեն վաճառողները թանկարժեք կանաչ լոբի էին բերել՝ 5200 դրամով, լոլիկ՝ 3300-ով: Տիկին Նաիրայի երկու հարսները հղի են՝ պարզ սեզոնային միրգ են ուզում՝ խնձոր, չկա:

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտարարեց՝ սկսում են նոր կտրոնների տրամադրման աշխատանքը՝ հին կտրոնները մարդիկ կարող են օգտագործել մինչև ապրիլի 10-ը։ Նաիրա Բալայանը տարակուսում է՝ «այն, ինչ մեզ պետք է, խանութներում չկա, կտրոնն ի՞նչ անենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG