Մատչելիության հղումներ

«Բազմաթիվ ընտանիքներ բրնձի, ձեթի, շաքարի կտրոն ունեն, բայց փող չունեն». Արցախի շրջափակման 53-րդ օրն է


«Ինչո՞ւ հերթերում պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին չենք տեսնում»,- զարմանում է ստեփանակերտցի Նարինե Դանիելյանը՝ մի՞թե ամեն ինչ ունեն:

«Էսքան ժամանակ հերթում կանգնածներ միայն տեսնում ես էն հասարակ ապրող ժողովրդին», - ասաց Դանիելյանը:

Կտրոնով գնում անելիս էլ նրանց չի տեսնում, բայց ասում է՝ բազմաթիվ ընտանիքներ կան, բրնձի, ձեթի, շաքարի կտրոնն ունեն, փող չունեն. - «Մարդ կա, ես գիտեմ, որ ինքը 8 երեխա ունի, բայց կտրոնները բռի մեջ են, չի գնացել գնի ոչ մի բան, փող չունի»:​

Վերջին օրերին Արցախի խանութներում սկսել է գազար, մանդարին, նրբերշիկ երևալ, կարճ է տևում, իհարկե:

«Նրբերշիկ ու կոնֆետ էին ստացել, ես դեռ էդքան մեծ, երկար հերթ չէի տեսել էս շրջափակման օրերին, որովհետև վաղուց չկային դրանք, էդ նույն օրն էլ վերջացան», - պատմեց ստեփանակերտցի Մարիամ Անդրեասյանը:​

Ստեփանակերտի բնակչուհի Մարիամ Անդրեասյանը ասում է ՝ ճնշող են այդ հերթերը, հատկապես, որ սպասված մթերքը բոլորին չի հասնում. - «Ով համբերություն ունի, ով ամբողջ աշխատանքը թողած գնում հերթ է կանգնում, կարողանում է ինչ-որ բան տանել իր տուն»:

Մարիամն ասում է՝ տեղեկություն չկա, թե որտեղից թեկուզ քիչ քանակով, բայց մթերք ու այլ պարագաներ հայտնվեցին. - «Մենք գիտենք, որ խաղաղպահները որոշակի օգնում են այս հարցում, միանշանակ պետության, այսինքն, կառավարության համակարգման, ղեկավարման օգնությամբ, այդպես ենթադրվում է, որ հենց այդ երկուսի համագործակցությամբ էլ որոշ ապրանքներ շատ քիչ քանակով կարողանում են բերել»:​

Մինչև շրջափակումը ամեն օր Արցախ մինչև 1000 բեռնատար էր մտնում, բլոկադայի այս 53 օրերին ընդամենը մի քանի հարյուր մեքենա է անցել Լաչինի միջանցքով։ Արցախի պետնախարարը տարբեր խորհրդակցությունների ժամանակ նշել էր՝ չնչին սնունդ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում է Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների կողմից։

Նարինե Դանիելյանը որոշ վաճառողներից, որպես ապրանքների թանկացման հիմնավորում լսել է՝ խաղաղապահներին վճարելով են բեռն անցկացրել միջանցքով:

Լվացքի փոշու մեկ կիլոգրամը հազար դրամ էր, հիմա մինչև 1800, ամենահասարակ տեսակը, ասում է Նարինեն: Նա երեք մանկահասակ տղաների հետ Ստեփանակերտում է, ամուսինը՝ Երևանում: Lսել է, որ ռուսների միջոցով փողով հնարավոր է գնալ -գալ, չի փորձել. - «Ինձ ասում են՝ ամուսնուդ ինչի՞ չես ասում գա, ասի՝ ոնց գա, որտեղով գա, ճանապարհ կա՞ որ գա, ասում են՝ ինչի խաղաղապահները մարդ են բերում»:

Նարինեի ավագ որդին Կարոն հաշմանդամությամբ է ապրում՝ մի քանի ծանր հիվանդություններ ունի, հաշվառված է երևանյան մանկական բուժհաստատությունում, շրջափակումը թույլ չի տալիս, որ Կարոն բժշկի գա, մայրը Կարմիր խաչի, պետնախարարի գրասենյակներին է ապավինում:

«Դիմել եմ, թղթերը դասավորեն, մինչև էդ էնքան ստեղ-ընդեղ էին ուղարկում, որ արդեն պետնախարարին դիմեցի, միանգամից արդեն առողջապահությանը զանգեց, թուղթ տվեց», - նշեց նա:​

Հույս ունի, որ Կարմիր խաչի մեքենայով կկարողանա կարոյին հիվանդանոց հասցնել: 9-ամյա տղան դպրոց էլ չի գնում, այնտեղ ցուրտ է և ձմեռային կոշիկներն էլ Երևանում հայրիկի մոտ են մնացել: «Ամուր ենք»,- Արցախի ճանապարհը փակած ադրբեջանին է դիմում Նարինե դանիելյանը:

«Ինչքան ասես պինդ ենք, երևի իրանք էլ չէին սպասում, որ պատերազմից հետո ժողովուրդը կդիմանա սրան», - ասաց Ստեփանակերտի բնակչուհին:​

Նույնն է ասում Մարիամը, ամենաբարդն անորոշությունն է. - «Մարդիկ չեն հասկանում, լավ, պայքարում են, ապրում են, էս զրկանքներին դիմանում են ինչի՞ համար»:​

Մարիամը ազգային երգ է դասավանդում Ստեփանակերտի դպրոցներից մեկում, իսկ երբ հոսանքն անջատվում է՝ օրվա մեջ վեց ժամ, կիթառով է լուսավորում սենյակը:

Արցախի բլոկադայի 53 օրերին 192 երեխա է ծնվել, Էմիլը 44-օրյա պատերազմում զոհված հորեղբոր անունն է կրում: Նա ընտանիքի 9-րդ երեխան է, մանկական պարագաներ չունի էլ՝ ժպտում է շատ երիտասարդ մայրիկը: Քաշաթաղից են տեղահանվել, մեկ տարի դիմացել Հայաստանում, վերադարձել Արցախ:

«Ասում էին՝ մնացեք սերտիֆիկատ կտան, երկու տուն եք կորցրել, ասացի՝ չէ, մեզ ոչ մի բան պետք չի, գնում եմ Ղարաբաղ ու կապ չունի որտեղ», - ասաց Ճարտարի բնակիչ Արևիկ Գրիգորյանը:

Բազմանդամ ընտանիքը Ճարտարում առանձնատուն է ստացել, հայրիկը հենց վառելիք գտնի՝ կգա ընտանիքի նոր անդամին մայրիկին տուն կտանի: Արևիկն ասում է՝ «դիմանալու ենք, համբերատար ենք»:

«Երբևիցե մտքներովս չի անցնում ինչ-որ ճանապարհ բացվի, դուրս գանք, ցանկություն էլ չունենք», - հավելեց նա:

XS
SM
MD
LG