Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանը որոշել է սահմանադրական փոփոխության նախագիծն ուղարկել Գերագույն դատարան


Արցախի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում
Արցախի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում

Նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխության նախագիծն այսօր Արցախի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ չքննարկվեց և քվեարկության չդրվեց։

Լիագումար նիստում որոշեցին օրինագիծը նախ ուղարկել Գերագույն դատարան՝ պարզելու համապատասխանում է փոփոխությանը Սահմանադրությանը, թե ոչ, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մեկ շաբաթ առաջ Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունել էր նախագիծը, որն առաջարկում է ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին։ Արցախի գործող Սահմանադրությամբ, նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, և նախագահի ու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են անցկացվում։ Մինչդեռ փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խուսափել խորհրդարանի լուծարումից, և օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել։ Այս դրույթը չի վերաբերում հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրում է ժողովուրդը:

Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2025-ին, այսինքն՝ ընդամենը 2 տարի անց Արցախում համապետական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջանալու։ Նույն այդ ժամանակ ավարտվում է ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը։

Տեղեկություններ կան, որ սահմանադրության փոփոխության գործընթացն ավարտելուց հետո նախագահը հրաժարական է տալու։

Մետաքսե Հակոբյան
Մետաքսե Հակոբյան

Ընդդիմադիր պատգամավորը թեև կանխատեսումներ չի անում, սակայն անթույլատրելի է համարում այդպիսի մոտեցումը. - «Բնականաբար, ես չեմ կարող իմանալ Արայիկ Հարությունյանի ցանկությունները, որպես անձ, կամ թեկուզ որպես նախագահ։ Ամեն դեպքում, նման կարգավորումներ անելու նպատակով նման քայլերի գնալը անթույլատրելի կլինի, որովհետև ներկայիս Սահմանադրությունը ևս կարգավորում է նախագահի հրաժարականը։ Եթե հրաժարականի ցանկություն կա, բնավ պարտադիր չէ սահմանադրական բարեփոխումների փաթեթից մեկ հոդված ընդամենը առանձնացնել և բերել առանձին դնել շրջանառության մեջ»։

Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հերքել էր պնդումները, թե խորհրդարանին նախագահ ընտրելու հնարավորություն է տրվում Արայիկ Հարությունյանի հրաժարականը կազմակերպելու համար։

Այսօր այդ տեղեկությունը հերքեց նաև իշխանական պատգամավոր Արթուր Հարությունյանը։ Իշխանականներն ասում են, որ այս փոփոխությանն են գնում հնարավոր ֆորս մաժորները կանխելու համար։

Գերագույն դատարանը իր եզրակացությունը ներկայացնելու համար տասն օրից մինչև վեց ամիս ժամկետ ունի, որից հետո նախագիծը կվերադառնա խորհրդարան և արդեն քվեարկության կդրվի: Այս ընթացքում ֆորսմաժորի դեպքում, ըստ իշխանության ներկայացուցչի, գործող Սահմանադրությունը ժամանակավոր լուծումներ ունի. - «Ժամանակավոր [նախագահի] պարտականությունները պետք է իրականացնի Ազգային ժողովի նախագահը։ Դա սահմանադրական կարգավորում ունի։ Բայց դա ժամանակավոր է։ Չնայած մենք էս պահին էդպիսի դեպք չենք էլ կանխատեսում, բայց համենայն դեպս, գործող Սահմանադրության մեջ, ըստ իս, դա էն ժամանակ, որ ընդունվում էր՝ 2017 թվականին նոր Սահմանադրությունը, էս դրույթը պետք էր ներառվեր, որովհետև ռազմական դրության ընթացքում գտնվող երկրի սահմանադրության մեջ պետք է լինի էդ դեպքերը նախատեսած, որը որ այս փոփոխությամբ մենք նախատեսել ենք»։

Սահմանադրական բարեփոխումների նախագծին առաջին ընթերցման ժամանակ կողմ քվեարկած ընդդիմությունը դեռևս միասնական որոշում չունի վերջնական քվեարկության շուրջ։ Ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ անցումային դրույթներում սահմանադրական իրավունքի խախտում նկատվել է, սակայն կսպասեն դատարանի որոշմանը։

XS
SM
MD
LG