Մատչելիության հղումներ

Արցախում գազ չկա. միրգն ու բանջարեղենն էլ կդառնան կտրոնով


Ձմռան ցրտին Արցախում կրկին գազ չկա։ Ադրբեջանը երեկվանից խափանել է գազամատակարարումը, հաղորդում են Ստեփանակերտից։ Հայաստանից Արցախ հասնող էլեկտրաէներգիայի միակ գիծը վնասված է հունվարի 9-ից։ Բնակիչներին հոսանքը հասանելի է օրական մի քանի ժամ:

Ջեռուցման ու սննդի բացակայության պատճառով դեկտեմբերի վերջից փակ են Արցախի մանկապարտեզները։ Դպրոցները մասամբ են բացվել, հիմնականում ավագ դասարանները, որ ավարտական փուլում են, փայտե վառարաններով են ջեռուցվում:

«Մանկապարտեզները վաղուց են փակ, մինչև Նոր տարի՝ արդեն դեկտեմբերի 29-ին պարզ դարձավ, որ Նոր տարուց հետո մենք չենք կարողանալու բացել, որովհետև սննդի մատակարարում չկա և այլն, այսինքն՝ դպրոցներն արդեն Նոր տարուց հետո չենք վերաբացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի կրթության նախարար Հասմիկ Մինասյանը՝ հավելելով, որ մտադիր են հաջորդ շաբաթվանից բացել բոլոր դպրոցները, ինչ էլ որ լինի:

Փայտե վառարաններով ջեռուցվող դպրոցներում մի քանի հերթով դասերը կկազմակերպեն, կփորձեն բոլորին տեղավորել. «Որտեղ երկրորդ հերթ ա ազատ, կամ նույն դպրոցներում, որտեղ վառարան ենք տեղադրել 9-12-րդ դասարանների համար, մենք երկրորդ հերթով նույն դպրոցների աշակերտներին փորձելու ենք բերել։ Եվ մոտակա օրերը երևի բոլոր դպրոցները արդեն կգործեն»։

Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 67 օր, 120 հազար արցախցիներ երկու ամսից ավելի է՝ զրկված են կյանքի տարրական իրավունքներից: Սննդի որոշ տեսակներ մարդկանց հասանելի են միայն կտրոններով, դեռ մրգի ու բանջարեղենի պակաս կա: Մի քանի օրից միրգը, բանջարեղենը, ձուն ու լվացքի փոշին էլ կդառնան կտրոնով, ընտանիքի յուրաքանչյուր անդամին 15 օրվա համար կհասնի 3 կգ բանջարեղեն ու 2 կգ միրգ. «Մարդիկ գիտեն, որ կտրոններով կկարողանան իրենց հասանելի չափաբաժնով սնունդ ստանալ, և մի փոքր այդ հարցում հանգիստ է ավելի այս պահին», - ասում է Ստեփանակերտին մոտ գտնվող Բերքաձորի բնակիչ Անին:

Նա ասում է՝ լուրջ խնդիր է մեքենայի վառելիքը, դրա պատճառով իր աշխատանքն էլ է բարդացել, մանկական միջոցառումների կազմակերպիչ է: Բենզին վաղուց չկա, գազն էլ սահմանափակ է, մեքենան միշտ չէ, որ կարողանում է լիցքավորել, պատվերները շատ հաճախ չեղարկում է. «Փորձում ես գոնե մի քիչ պահել, որ հանկարծ մի հատ շատ կարևոր բան լինի, ընտանիքի համար օգտագործես, բայց տեսնում ես՝ ոնց են մարդիկ տխրում, երեխեքը՝ տխուր սպասում, արդեն չգիտես՝ ոնց կազմակերպես, որ երեխեքի օրը, գոնե իրենք էս նեղ օրերին, էս տխուր օրերին ուրախ լինեն»:

Հումանիտար բեռն էլ Արցախ դժվարությամբ է հասնում, Ամանորի համար նախատեսվածը մի քանի օր առաջ է տեղ հասել, դեկտեմբերից Գորիսում էր «Հայաստան» հիմնադրամի ու այլ բարեգործական ընկերությունների բեռը, փոխանցում են Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից։

«Անցած շաբաթ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իրենց ուղեկցությամբ ու իրենց մեքենաներով համահայկական հիմնադրամի ուղեբեռից 100 տոննայից 60 տոննան արդեն իսկ տեղափոխվել է Արցախ», - ասաց ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության քարտուղար Արմինե Հայրապետյանը:

Ստեփանակերտում դեռ դադարեցված են պլանային վիրահատությունները: Վերակենդանացման բաժանմունքներում երեխաներ կան: Կարմիր խաչի ուղեկցությամբ երկու օր առաջ ուռուցքային ու սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով յոթ հոգի տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներ, երեք բուժվող՝ վերադարձել Արցախ։

XS
SM
MD
LG