Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորը զարմացած չէ Բայդենի կազմակերպած գագաթնաժողովի վերաբերյալ Պեսկովի հայտարարությունից


Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը զարմացած չէ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունից։

Նաև Հայաստանի մասնակցությանն արձագանքելով՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Միացյալ Նահանգների նախագահի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն «այլոց դասեր տալու փորձ էր որակել, իսկ այդ դասին մասնակցելը՝ «երկրների ինքնիշխան գործը»։

Արդյոք Ռուսաստանի այս կսմիթներին նախորդե՞լ է այդ ֆորումին մասնակցությանը խոչընդոտելու փորձ, Խանդանյանը տեղյակ չէր։ Կարծում է՝ աշխարհաքաղաքական լարվածությունն այնքան մեծ է, որ բևեռներից մեկի կազմակերպած միջոցառումը կամ արած քայլը սուր արձագանք է գտնում մյուս կողմում։

Իշխանական պատգամավորի խոսքով՝ չեն պատրաստվում բաց թողնել այն հարթակները, որտեղ հնարավորություն ունեն ներկայացնել Հայաստանն ու երկրի խնդիրները։

«Ցանկացած հարթակ, որտեղ մենք կարող ենք շեշտադրել մեր այդ ընտրության մասին և խոսել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մեր առաջընթացի մասին, կարևորում ենք, և արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի վարչապետը մասնակցում է ժողովրդավարության ֆորումին, ինչը կարևոր հարթակ է նաև մեր խնդիրները ներկայացնելու տեսանկյունից։ Վարչապետը խոսեց նաև Լաչինի միջանցքի արգելափակման և տարաշրջանի անվտանգության խնդիրների մասին», - ասաց Խանդանյանը։

«Իշխանությունն իր գործողություններով Հայաստանը դարձրել է միջազգային հակամարտությունների մարտադաշտ»

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով Ռուսաստանի կոշտ արձագանքին, կարծիք հայտնեց՝ իշխանությունն իր գործողություններով Հայաստանը դարձրել է միջազգային հակամարտությունների մարտադաշտ։

«Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության մասին խոսելիս թող մի հատ նայի նույն այսօրվա կառավարության շենքի հարակից տարածքների, Հանրապետության հրապարակի փակված փողոցները, հսկայական խցանումները միայն իր ավտոշարասյունն անցնելու», - ասաց Մանուկյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG