Մատչելիության հղումներ

«Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին»․ Փաշինյանը՝ «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին


«Ես հավատում եմ ժողովրդավարության ուժին՝ հանուն խաղաղության, ազատության, երջանկության»․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթն այսպես եզրափակեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի ժամանակ։

120 հրավիրյալ երկրներից մեկն էր Հայաստանը։ Վարչապետը առցանց ձևաչափով հայտարարությամբ հանդես եկավ։ 3,5 րոպեանոց ելույթի մեծ մասը Լաչինի միջանցքի շրջափակման, Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին էր։

Փաշինյանը հիշեցրեց՝ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք. - «Սեպտեմբերին մենք կրկին զգացինք ժողովրդավարության միությունը և Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը»։

Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որոնք, իր գնահատմամբ, օգնեցին կասեցնել հետագա ներխուժումը։

Անդրադառնալով մարդու իրավունքների ոտնահարմանը՝ Փաշինյանը այս հարթակում ևս խոսեց Արցախում ցեղասպանության և էթնիկ զտման վտանգի մասին. - «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն»:

Ժողովրդավարության մասին խոսելիս վարչապետը թվարկեց միայն այն զեկույցներն ու միջազգային վարկանիշները, ըստ որոնց Հայաստանը բարելավել է իր դիրքերը. - «Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Դրա արդյունքում մեր երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում»։

Հայաստանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս գագաթնաժողովին։ Այս տարի ևս հրավեր չեն ստացել Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Հյուսիսային Կորեան ու Ռուսաստանը։

Կրեմլից արդեն արձագանքել են ոչ միայն բուն գագաթնաժողովին, այլ նաև Հայաստանի մասնակցության փաստին։ Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե արդեն երկրորդ անգամ համաժողովին մասնակցում է «Ռուսաստանին մոտ համարվող Հայաստանը», նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Բայդենի կազմակերպած գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է, և երկրների ինքնիշխան գործն է մասնակցել այդ դասին. - «Միացյալ Նահանգները, չնայելով որևէ բանի, դեռ հավակնում է լինել այսպես կոչված ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը: Եվ ահա այժմ երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբելու մի շարք երկրների՝ այնտեղ բարոյականության դասեր տալու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս դասին, իրենց ինքնիշխան գործն է: Այնուամենայնիվ, պետությունները առաջին և երկրորդ կարգի բաժանելու փորձերն այժմ շատերի կողմից ժպիտով են ընկալվում»։

Գագաթնաժողովը կշարունակվի նաև վաղը։ Այսօրվա լիագումար նիստը մեկնարկել է հյուրընկալող երկրների՝ Միացյալ Նահանգների, Կոստա Ռիկայի, Նիդերլանդների, Հարավային Կորեայի և Զամբիայի ղեկավարների ողջույնի ուղերձներով: Բացման խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Այս համաժողովը Բայդենի նախընտրական խոստումներից է՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին փորձելու վերականգնել և ամրապնդել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում։

XS
SM
MD
LG