Մատչելիության հղումներ

Միրզոյանը միջազգային հանրությանը կոչ է անում սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում կանխելով Հայաստանի դեմ ագրեսիան


ԱՄՆ, ՄԱԿ - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը, Նյու Յորք, 20-ը սեպտեմբերի, 2022թ., լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են, հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում ելույթ ունենալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը:

Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։

Միրզոյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել հանուն ժողովրդավարության: Նա արձանագրել է, որ Հայաստանում լայն թափով իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ, ապահովվում է օրենքի գերակայությունը, պաշտպանվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, և կառավարության առաջնահերթություններից է անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ:

Նախարարն ընդգծել է, որ ամենատարբեր միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանը շարունակաբար բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության, տնտեսական ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներում:

Միջոցառմանը մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ, ասված է Արտգործնախարարության լրատվականի հաղորդագրությունում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ-ում նաև հանդիպումներ է ունեցել Սերբիայի, Ավստրիայի արտգործնախարարների, Կոսովոյի փոխվարչապետ, արտգործնախարարի հետ՝ նրանց ներկայացնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծելով միջազգային հանրության թիրախավորված արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG