Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները Բրյուսելում. Պետքարտուղարության խոսնակ


ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

Ժամեր առաջ Միացյալ Նահագներում կայացել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հանդիպումը։

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպումները Բրյուսելում և վճռականորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված հետագա անմիջական ներգրավածությանը՝ Twitter-ի պաշտոնական իր էջում այսօր գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Ժամեր առաջ Միացյալ Նահագներում կայացել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հանդիպումը։ Ըստ հայկական կողմի, քննարկել են «տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը»։ Հոգանը նաև բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։

Ռուսաստանի նախագահի, այնուհետև Եվրոպական խորհրդի ղեկավարի ու Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Սոչիում և Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումների ֆոնին, որոնց արդյունքում, փաստորեն, «ճեղքում» գրանցվեց Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղու վերագործարկման հարցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ Միացյալ Նահանգներն առայժմ միայն երկկողմ հանդիպումներ է անցկացնում։

Դեկտեմբերի սկզբին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռանկյունում ստեղծված իրավիճակը Վաշինգտոնում բարձր մակարդակով քննարկել են նաև երկու օր առաջ՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպմանը։

Այսքանով հանդերձ, Երևանում վերլուծաբանները կարծում են, որ Վաշինգտոնը հետևողական է տարածաշրջանային գործընթացներից դուրս չմնալու, անգամ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք տարածաշրջանում նվազեցրած ներկայությունը վերստին ակտիվացնելու ուղղությամբ։ Օրինակ են բերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հոկտեմբերի վերջին, ըստ հաղորդումների, Հռոմում մեծ քսանյակի շրջանակում Բայդենի հորդորը Էրդողանին՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը, նաև Հայաստանի ղեկավարին հրավիրելը Վաշինգտոնի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին։

44-օրյա պատերազմից հետո մենք ունենք Արցախում մեր ֆիզիկական ներկայության բացակայություն. փորձագետ

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի կարծիքով, եթե ԱՄՆ-ին նույնպես հաջողվի Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնել, հնարավորություն կառաջանա վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը. - «Ինչու է դա կարևոր։ Որովհետև եթե մենք չենք քննարկում Արցախյանի հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանաձևով, մնում է միակ բանաձևը՝ եռակողմ, իրականում քառակողմ ձևաչափը։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների գործողություններին, ես դրանք գնահատում եմ մոտավորապես գնդակը անընդհատ հայկական խաղադաշտում պահելու միտում որպես։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները իր կողմից որոշ քայլեր անում է, որպեսզի երկկողմ հարաբերությունները պահպանվել որոշակի մակարդակի վրա և հնարավոր լինի խոսակցությունը շարունակել, բայց նաև հստակ ուզում է ձևակերպված ակնկալիք, թե ինչ է ակնկալում Հայաստանը Միացյալ Նահանգներից»։

44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ միջազգային հանրությունը՝ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, Եվրամիությունը խուսափում են հասեցական հայտարարություններից՝ հավասարապես Երևանին ու Բաքվին կոչ անելով քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման, սահմանազատման և առկա այլ չլուծված հարցերի ուղղությամբ։

Խոսքն արդեն այն մասին էլ չէ, թե ով սկսեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը. նախորդ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք, մարտերի հետևանքով երկու կողմն էլ զոհեր տվեցին և, ըստ պաշտոնական Երևանի, Հայաստանը կորցրեց 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Բաքուն այսօր էլ հրաժարվում է վերադարձնել հայաստանցի մի քանի տասնյակ ռազմագերիների։ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի գործողությունների հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել։

Արեգ Քոչինյան
Արեգ Քոչինյան

«Ես կարծում եմ, որ հստակություն լինելը կամ չլինելը ըստ էության խաղը չէր փոխի։ Խաղը կփոխվի ուժային բալանսի փոփոխության պարագայում։ Այսինքն՝ այս պահի դրությամբ մենք ունենք 44-օրյա պատերազմից հետո Արցախում մեր ֆիզիկական ներկայության բացակայություն։ Հայաստանի զինված ուժերը այլևս ներկա չեն Արցախում։ Այն պահից սկսած, երբ որ մեր ֆիզիկական ներկայություն չկա Արցախում, Հայաստանի ներդրումը, կամ Հայաստանի մասնակցությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման ապագայում մշուշոտ է»։

Երկաթգծի վերագործարկման շուրջ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածությունը երեկ կառավարության նիստում ներկայացնելուց հետո վարչապետ Փաշինյանը եզրափակեց, որ Ալիևի հետ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ հաղթահարելու առկա տարաձայնությունները։ Ե՞րբ պետք է տուն վերադառնան ռազմագերիները, կամ ադրբեջանական զինուժը ե՞րբ է պետք է դուրս գա Հայաստանի տարածքից, ոչ ոք չի հստակեցնում։

XS
SM
MD
LG