Մատչելիության հղումներ

Բայդեն. «Ժողովրդավարության ամրապնդումը մշտական ջանքեր է պահանջում»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առցանց դիմում է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի մասնակիցներին, Վաշինգտոն, 9 -ըդեկտեմբերի, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առցանց դիմում է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի մասնակիցներին, Վաշինգտոն, 9 -ըդեկտեմբերի, 2021թ.

Այսօր համաժողովում ելույթ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեկ առցանց ձևաչափով բացվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ գումարված «Հանուն ժողովրդավարության» երկօրյա համաժողովը:

Սպիտակ տունն այս տարվա օգոստոսի 11-ին է աշխարհի ավելի քան հարյուր պետությունների առաջարկել մասնակցել այս միջոցառմանը: Դրանց թվում են ազատական դեմոկրատիաներ, երկրներ, որտեղ դեմոկրատիան նոր է կայանում, կան նաև պետություններ, որոնց բնորոշ են ավտորիտար բնութագրեր:

Մեր տարածաշրջանից հրավեր են ստացել միայն Հայաստանն ու Վրաստանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռավար մասնակցել է բացմանը, իսկ այսօր պետք է ելույթ ունենա:

Ջո Բայդենը բացման խոսքում նշել է, որ այսօր աշխարհի համար բեկումնային պահ է:

«Գործընկեր լիդերներ, քաղաքացիական հասարակության անդամներ, իրավապաշտպան ակտիվիստներ, քաղաքացիներ, իմ համոզմամբ՝ այսօր մենք պատմության շրջադարձային փուլում ենք, պետք է ընտրենք ուղղությունը, որով աշխարհը կշարժվի առաջիկա տասնամյակների ընթացքում: Թույլ կտա՞նք քաղաքացիական իրավունքների և դեմոկրատիայի հետագա սահմանափակում, թե՞ միասին կունենանք տեսլական ու քաջություն ևս մեկ անգամ գլխավորելու մարդկային առաջընթացի և մարդու ազատության երթը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցում են ոչ միայն պետական գործիչներ, այլև քաղաքացիական հասարակության լիդերներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ, տարբեր երկրներից ընդդիմության ներկայացուցիչներ:

Բայդենն իր ուղերձում նշել է, որ դեմոկրատիայի հաստատումը երկարատև աշխատանք է, դեմոկրատիա պատահական չի լինում, և այն պետք է թարմացնել յուրաքանչյուր սերնդի հետ:

«Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մենք, ինչպես և բոլորը, գիտենք, որ մեր ժողովրդավարության թարմացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը մշտական ջանքեր է պահանջում», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ուշագրավ է, որ երկու գերտերություններ՝ Ռուսաստանը և Չինաստանը, հրավեր չեն ստացել և Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանների մակարդակով քննադատել են համաժողովի գաղափարը:

«Ամերիկացիների այս նախաձեռնությունը լիովին տեղավորվում է «սառը պատերազմի» ժամանակների մտածելակերպի մեջ: Դեմոկրատիան մեկ երկրի կամ մի քանի երկրների խմբի մենաշնորհը չէ, այն կարող է իրականացվել տարբեր ձևերով, չկա օրինակ, որը պետք է պարտադրվի մյուս երկրներին», - գրել են ԱՄՆ-ում Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններ Անատոլի Անտոնովն ու Ցին Գանը համատեղ հեղինակած հոդվածում, որը նոյեմբերի 26-ին լույս է տեսել National Interest ամերիկյան պարբերականում:

«Հանուն ժողովրդավարության» համաժողովի ընթացքում պետական և հանրային լիդերների ելույթներից զատ նաև կլինեն պանելային քննարկումներ տարբեր թեմաների շուրջ:

Համաժողովն այսօր կավարտվի Ջո Բայդենի ամփոփիչ ուղերձով: Առկա ձևաչափով այն կարող է գումարվել մեկ տարի անց, սակայն ստույգ ժամկետը հայտնի չէ:

XS
SM
MD
LG