Մատչելիության հղումներ

Որո՞նք են Բլինքենի լավատեսության հիմքերը․ մեկնաբանություններ Երևանից


Հակոբ Բադալյան, Տիգրան Գրիգորյան
Հակոբ Բադալյան, Տիգրան Գրիգորյան

Էսկալացիայի հավանականության մեծացման և Բաքվից ամենօրյա ռեժիմով հնչող սպառնալիքների պարագայում լավատեսության ի՞նչ հիմքեր ունի ԱՄՆ պետքարտուղարը, երբ հայտարարեց՝ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։

Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ էր Էնթոնի Բլինքենը խոսել այս մասին՝ ընդգծելով․ - «Չեմ ուզում ուռճացնել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:

«Գլխավոր պատճառն այն է, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում թուլացել է»

Միացյալ Նահանգները, այսպիսով, կողմերին կոչ է անում մի կողմ դնել տարաձայնությունները, հատկապես, երբ Ռուսաստանի դերը տարածաշրջանում թուլացել է, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

«Կարծում եմ՝ գլխավոր պատճառը նմանատիպ շեշտադրումների այն է, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում թուլացել է, և այդ թվում ամերիկյան կողը հնարավորությունների պատուհան է տեսնում հակամարտության բովանդակային կարգավորման համար։ Այդ ողջ լավատեսությունը՝ պատմական հնարավորության կամ ռեալ շանսերի մասին խոսակցությունը, կարծում եմ, կապված է հենց Ռուսաստանի թուլացած դերի և այդ առումով ստեղծված հնարավորությունների հետ», - ասաց Գրիգորյանը։

Երեկ պաշտոնական Մոսկվան ևս հայտարարել էր, թե խաղաղությանն այլընտրանք չկա։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի քանի անգամ շեշտել էր, որ և՛ հայ-ադրբեջանական, և՛ ղարաբաղյան կարգավորման հիմքը պետք է լինեն նաև Ռուսաստանի մասնակցությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունները։ Նա, միաժամանակ, դարձյալ բացասական էր արտահայտվել արևմտյան նախաձեռնությունների վերաբերյալ։

Քաղաքագետի խոսքով՝ կողմերը խաղաղության պայմանագրի օրակարգում շատ լուրջ տարաձայնություններ չունեն, գլխավոր խնդիրը Արցախի և Բաքվի բանակցությունների միջազգային մեխանիզմի ստեղծման շուրջ է, բայց, միևնույն է, ամերիկյան կողմը տեսնում է խնդիները լուծելու հնարավորություն։

«Եվ նրանք նաև նմանատիպ հայտարարություններով կարծում եմ կողմերի են ուղերձ հղում, որ քանի դեռ կա էդ հնարավորությունների պատուհանը, պետք է օգտագործել և պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները ու ստորագրել խաղաղության պայմանագիր», - ասաց Տիգրան Գրիգորյանը։

Ընտրություններին ընդառաջ «Բլինքենը փորձում է ցույց տալ, որ ինքն արդյունավետ է աշխատում»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, սակայն, առաջ է բերում կողմերի միջև լարվածության, փոխադարձ մեղադրանքների հարցը՝ տարակուսելի որակելով Բլինքենի հայտարարությունը հատկապես հիմա, երբ Հայաստանի վարչապետը պարբերաբար խոսում է Բաքվի խորացող ագրեսիայի մասին։ Այս պայմաններում ի՞նչը կարող է լավատեսության հիմք տալ, հարցնում է Բադալյանը։

«Գուցե իրեն հայտնի են բաներ, որ մեզ հայտնի չեն, ի վերջո, նա մեզանից բազմակի ավելի իրազեկված է և ոչ միայն անմիջական բանակցային գործընթացով, այլ ընդհանրապես միջազգային իրավիճակով։ Բայց այն տեղեկատվությանը, որ մենք ենք տիրապետում, որ կա հրապարակի վրա, համադրելով Բլինքենի հայտարարության հետ, իսկապես տարակուսում ենք, թե ինչն է լավատեսության առիթ, ինչն է ցույց տալիս, կամ թույլ տալիս խոսելու, որ խաղաղության համաձայնագիրը մոտ ապագայում հնարավոր է», - ասաց Բադալյանը։

Միևնույն ժամանակ, քաղաքական մեկնաբանը Բլինքենի լավատեսության երկրորդ պատճառ է համարում ամերիկյան ներքին քաղաքականությունը՝ հաջորդ տարի նախագահական ընտրություններ են, և պետք է շեշտադրել ամերիկյան արդյունավետ դիվանագիտության փաստը։

«Եվ այս տեսանկյունից, կարծում եմ, հայտարարություններում պետք է դիտարկել նաև էդ ներքաղաքական մոտիվը, որովհետև վարչակազմը Միացյալ Նահանգների խնդիր ունի, իհարկե, նաև ցույց տալ, որ վարում է արդյունավետ դիվանագիտություն տարբեր ուղղություններով, և տվյալ պարագայում քանի որ հայտարարվել է ընդհուպ Բլինքենի անձնական մոտիվացվածության մասին Կովկասում, հայ-ադրբեջանական հակամարտությունում առաջընթացի հարցում, Բլինքնեն այդ կերպ փորձում է ցույց տալ, որ ինքն արդյունավետ է աշխատում և կա լավատեսական զարգացման հնարավորություն», - ասաց Բադալյանը։

Չնայած Բաքվից հնչող սպառնալիքներին ու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին՝ խաղաղության պայմանագիր լինելու է, երեկ ասել էր Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը սակայն, այդպես էլ չէր մանրամասնել՝ ինչպես է դա հնարավոր նման պայմաններում։

«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա», - հայտարարել էր Փաշինյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG