Մատչելիության հղումներ

Բլինքենի լավատեսությունը և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները չեն կիսում


Ազգային ժողովի և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները չեն կիսում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի լավատեսությունը:

Երեկ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին` Բլինքենը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։

Արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարին՝ «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանն ասաց. - «Չենք կարող պարզաբանել, թե ինչու է Բլինքնենն ասում այս կամ այն բանը, համենայնդեպս մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ, մեզ համար առաջնային պետք է լինի մեր պաշտոնյաների դիրքորոշումներն առ այն, թե իրենք ինչ են պատրաստ ստորագրել այս պահին և թե այս պահին բանակցային պրոցեսում ինչ վիճակ է և որ կետում ենք մենք կանգնած: Այդ մասին կարծում եմ բավականին բաց խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետն իր ասուլիսի ժամանակ, հենց վարչապետն է ասել, որ այս պահին եթե չկա երաշխիք, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, հաջորդ օրը մենք չենք ունենալու էսկալացիա, ապա մենք չենք կարող խոսել այն մասին, որ ունենք այնպիսի փաստաթուղթ, որը պատրաստ ենք ստորագրել»:

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապակառուցողական հռետորաբանությունը, ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, ապօրինաբար փակ պահել Լաչինը՝ ընդգծելով. - «Դրա համար էլ դեռևս մենք չենք եկել ընդհանուր եզրերի, և խոսակցությունը շարունակվում է»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, թե լավ կլինի, որ ԱՄՆ պետքարտուղարը նաև անդրադառնա Վիեննայի կոնվենցիային, «որում սևով սպիտակի վրա գրված է, որ սպառնալիքի կամ դրա անմիջական գործադրման պայմաններում ցանկացած համաձայնություն առ ոչինչ է»:

«Փոխանակ իրենք զսպեն ցեղասպան Ադրբեջանին ու Ալիևին պարտադրում են ի՞նչ անել», - հավելեց Մինասյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս նշեց, որ չի կիսում Միացյալ Նահանգներից հնչող լավատեսությունը:

«Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ հանգամանք կամ պատճառ կարող է լինել՝ եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից, այսինքն, համաձայնվի բոլոր այն առավելապաշտական մոտեցումներին, որ ներկայացրել է Ադրբեջանը: Հայաստանի իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ զիջումների է գնացել՝ քաղաքական և ոչ միայն քաղաքական մակարդակում, բայց այս դեպքում այն, ինչ որ ներկայացնում է այս պահին Ադրբեջանը լուրջ հարված և կորուստ է ոչ միայն բուն Արցախին և Հայաստանին, այլ կարծում եմ՝ դա լուրջ խնդիրներ է նաև առաջացնելու իշխանության համար՝ երկրի ներսում, որովհետև այդ պահանջների ընդունումից հետո իրավիճակը երկրում կարող է վերածվել քաոսի, անվերահսկելի իրավիճակի», - ասաց Աբրահամյանը:

XS
SM
MD
LG