Մատչելիության հղումներ

Իրանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման հարցում. Իրանի փոխարտգործնախարար


Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանի
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանի

Երկօրյա արդյունավետ քննարկումներ, որոնց ընթացքում Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման հարցում։ Իր Հայաստան կատարած այցը այսպես ամփոփեց Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։

«Այդ հանդիպումների ընթացքում խոսեցինք Իրանի կայուն դիրքորոշման մասին տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։ Մենք մեր հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Իրանը միշտ հաստատուն գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում, վստահելի գործընկեր այդ առումով։ Մենք նշեցինք, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք կայության և խաղաղության երաշխավորն են և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող խաղաղությունն ու կայություն ապահովել, նրանք այլ նպատակներ են հետապնդում», - ասաց նա։

Իրանի փոխարտգործնախարարը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել էին հայ-իրանական օրակարգի տարբեր հարցեր, իսկ գլխավոր թեման տարածաշրջանի անվտանգային սպառնալիքներն էին։

Փոխարտգործնախարար Կոստանյանը նշեց, որ վերջին տարիներին հայ-իրանական օրակարգը ընդլայնվել է, ինչի պատճառով հարկ է լինում ավելի հաճախ հանդիպել. - «Փորձում ենք միմյանց ավելի ընկալելի դարձնել, դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված։ Եվ այդ առումով անհրաժեշտ է, որպեսզի խորհրդակցությունները չընդհատվեն և պարբերական լինեն»։

Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքով, իրանցի գրոծընկերոջը ներկայացրել են տարածաշրջանում վերջին ամիսներին ստեղծված իրավիճակն ու իրավիճակն ապակայունացնելու Ադբեջանի փորձերը, խոսել են Արցախի շրջափակման մասին։

Իրանի փոխարտգործնախարարը սակայն ճեպազրույցի ընթացքում խուսափեց քննադատել Բաքվին, երբ հայաստանցի լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, թե ինչ կարծիքի են Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին, երբ ոչ միայն խոսում են Արևմտյան Ադրբեջանի, այլ Հարավային Ադբեջանի մասին։

Ալի Բաղերի Քանին արձագանքեց. - «Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսության միջոցով կարողանան հասնել կայունության հաստատմանը։ Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար»։

Վերջին շրջանում Երևանը շարունակ բարձրաձայնում է էսկալացիայի վտանգի մասին, մի հանգամանք, որ մտահոգում է Թեհրանին։ Հնարավոր է, որ իրանցի փոխարտգործնախաարի այցի նպատակն նաև տեղում իրավիճակն ծանոթանալը, կարծիք է հայտնում իրանագետ Ժաննա Վարդանյանը. - «Այսինքն՝ խորհրդակցություններ թե' սահմանին և թե' քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Մյուս կողմից, ինչ վերաբերում է արդեն դիրքորոշումների հստակեցմանը, կարծում եմ, հնարավոր է, որ, օրինակ, խոսք լինի եվրոպացի դիտորդների մասին»։

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհարնը դեմ է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ներկայացուցիչների առկայությանը։ Այս այցից օրեր առաջ էլ նույն թեմայով հայտարարությամբ էր հանդես եկել Իրանի արտգործնախարարությունը։ Այս հայտարարությունները համընկել էին եվրոպացի դիտորդների առաջին խմբի այցին Հայաստան, որոնք եկել էին երկու ամսով։

Եվրամիության հաջորդ առաքելությունը Հայաստան ժամանեց անցյալ ամիս արդեն երկու տարի ժամկետով։

Ժաննա Վարդանյանի կարծիքով, այս անգամ Թեհրանը մեղմել է իր մոտեցումը. - «Գուցե հայկական կողմը հենց դա է ջանում՝ իրանցիների հետ քննարկումներում ներկայացելով, թե ինչի համար է այդ առաքելությունը, և հասնել նրան, որ Իրանը չընդդիմանա կամ ըմբռնումով մոտենա այդ առաքելությանը»։

Անցյալ տարի Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանը բացեց իր գլխավոր հյուպատոսությունը, իսկ բացմանը ներկա էին Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG