Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը կոչ է անում Երևանին ու Բաքվին թուլացնել լարվածությունը


Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Քիրբի, արխիվ
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Քիրբի, արխիվ

Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ջանքեր գործադրել տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այդ մասին երեքշաբթի երեկոյան, Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարեց Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Քիրբին։

«Նախկինում էլ մենք ասել ենք, որ բոլոր կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը։ Մենք չենք ցանկանում բռնարարքների ականատեսը դառնալ։ Մեր ցանկությունն է, որ կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնություններին վերջ տալու ուղղությամբ», - հայտարարում էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը՝ խուսափելով հավելյալ մեկնաբանություններով հանդես գալ, մասնավորաբար, Լեռնային Ղարաբաղում ռուսական 2-հազարանոց զորախմբի առկայության և այդ փաստին Վաշինգտոնի վերաբերմունքի վերաբերյալ։

Երեքշաբթի օրը հայ - ադրբեջանական հարաբերություններին անդրադարձավ նաև մեկ այլ ամերիկյան գերատեսչություն՝ Պետդեպարտամենտը։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը, պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի հարցին, անդրադարձավ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին շփումներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Լրագրողին մասնավորաբար հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է Բլինքեն-Ալիև, նաև Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցներից հետո, ամերիկյան կողմի տարածած հաղորդագրություններում նշված եղել, որ Վաշինգտոնն «իր շարունակական աջակցությունն է առաջարկել կողմերին՝ խաղաղության [պայմանագրի] շուրջ քննարկումների ընթացքում»։ «Թուրան»-ի թղթակիցը փորձում էր հասկանալ՝ ի՞նչ կարիք կար ընդգծելու Վաշինգտոնի այդ պատրաստակամությունը մի իրավիճակում, երբ ամերիկացի բանագնացը Հարավային Կովկաս էր ժամանել ընդամենը մի քանի օր առաջ։

«[Պետքարտուղար Բլինքենը] Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն էր առաջարկում այդ շփումներում։ Գիտեք, որ մենք հավատարիմ ենք մեր ստանձնած այդ պարտավորությանը՝ թե՛ պետքարտուղար Բլինքենի՝ այս խնդրով զբաղվելու հանձնառության, թե՛ դեսպան Ռիքերի [նախկինում] կատարած աշխատանքի և թե՛ Լու Բոնոյի այժմյան գործունեության միջոցով», - հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

Պետքարտուղար Բլինքենը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ զրուցել էր շաբաթասկզբին։ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրների լուծման միակ ուղին դիվանագիտությունն է։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ զրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը «մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ»:

Ինչ վերաբերում է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցին, ապա դրա զգալի մասն, ըստ ադրբեջանական կողմի, նվիրված է եղել Լաչինի միջանցքում ստեղծված կացությանը։ Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը պնդել է, թե Հայաստանը շարունակում է միջանցքն օգտագործել Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ իրականացնելու նպատակով, ինչի պատճառով, ըստ Ալիևի, Լաչինում հարկավոր է անցակետ տեղադրել։

Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Ալիևի հետ զրույցի ընթացքում Բլինքենը վերահաստատել է «կոմերցիոն և մասնավոր ավտոտրանսպորտի համար Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը», ինչպես նաև ընդգծել է, որ տարածաշրջանում առկա խնդիրները ռազմական լուծում չունեն։

Ադրբեջանական ընդդիմադիր մամուլն, ի դեպ, նկատել է, որ Բլինքեն-Ալիև վերջին հեռախոսազրույցի մասին ամերիկյան հաղորդագրությունում, ի տարբերություն նախորդների, որևէ հիշատակում չկա Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ քննարկումների մասին։ Վեդանտ Պատելի խոսքով՝ այդ փաստից հեռուն գնացող հետևություններ անելու կարիք չկա։

«Ես չեմ ցանկանում տարածված հաղորդագրությունից դուրս մանրամասներ հաղորդել դիվանագիտական այս շփումների մասին, սակայն միանշանակորեն կարող եմ ասել, որ մարդու իրավունքներն այն խնդիրն են, որին մենք պարբերաբար անդրադառնում ենք մեր բոլոր գործընկերների հետ շփումներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում», - հայտարարում էր Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG