Մատչելիության հղումներ

Իշխող թիմի առաջադրած ՄԻՊ թեկնածուն չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին. ընդդիմադիր պատգամավոր


Անահիտ Մանասյան, Թագուհի Թովմասյան
Անահիտ Մանասյան, Թագուհի Թովմասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրվեց տիկին Անահիտ Մանասյանը», - ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

34-ամյա Մանասյանը մասնագիտությամբ իրավաբան է, դատախազությունում աշխատանքի է անցել ընդամենը չորս ամիս առաջ։ ՄԻՊ պաշտոնը թափուր է գրեթե երեք ամիս։ Իշխող խմբակցության ղեկավարը համարում է, որ երեք ամսվա փնտրտուքի լավագույն արդյունքն է։

«Տիկին Մանասյանը, համարում ենք, որ իր մասնագիտական կարողություններով, իր արժեքային համակարգով, սկզբունքներով և անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան», - ասաց Կոնջորյանը։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կասկածում է նրա անաչառությանը։ Կառավարությունից ՄԻՊ գրասենյակ գործուղված թեկնածուն ինչպե՞ս կարող է անկաշկանդ աշխատել, հարցնում է ընդդիմադիր պատգամավորը։


«ՄԻՊ պաշտպանի գրասենյակը Հայաստանի Սահմանդրությմաբ նախատեսված անկախ մարմին է, անկախ նշանակում է առաջին հերթին անկախ իշխանությունից ու քաղաքական գործոններից։ Այն թեկնածուն, որին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիրը», մասնագիտական որակների մասին բարձր կարծիք ունեմ, բայց սահմանդրական պահանջը չի բավարարավել», - ասաց Թովմասյանը։

Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթությամբ թեկնածուն։

«Նա հանրության շրջանում չունի բարձր հեղինակություն և վստահություն, որովհետև ոչ ոք չի ճանաչում, համենայն դեպս, լայն շրջանակներից նոր մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, և երկրորդ՝ նա մինչ այժմ աշխատել է, փաստորեն, գլխավոր դատախազի տեղակալ և կատարել գլխավոր դատախազի հրահանգները», - ասաց Թովմասյանը։

Հայկ Կոնջորյանը չի կասկածում իրենց թեկնածուի անաչառությանը։

Հայկ Կոնջորյան
Հայկ Կոնջորյան


«Բնականաբար, Մարդու իրավունքների պաշտպանը պիտի իրականացնի Սահմանադրությամբ իրեն և օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների ամբողջական շրջանակներում իր գործունեությունը, այնտեղ ինքը չի կարող ունենալ որևէ տեսակի կաշկանդվածություն, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է նրան ընտրում», - ասաց Կոնջորյանը։

Նախկինը՝ Քրիստիննե Գրիգորյանը մեկ տարի պաշտոնավարելուց հետո անսպասելի հրաժարական տվեց, այլ աշխատանքի առաջարկ էր ստացել։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռ թեկնածու չեն առաջադրել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատությանն» ասաց՝ առայժմ որոշում չունեն, քննարկումների փուլում են։

Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է խորհրդարանը փակ գաղտնի քվերակությամբ։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի այս թեկնածուին, իշխող խմբակցության ձայները բավարար են իրենց թեկնածուին ընտրելու համար։

XS
SM
MD
LG