Մատչելիության հղումներ

Մեկուկես ամիս է, Հայաստանը մարդու իրավունքների պաշտպան չունի. իշխող ուժը թեկնածու չի գտնում


Մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպան չունի. հենց այսպիսին է իշխանության վերաբերմունքը քաղաքացիների պաշտպանության ու իրավունքների նկատմամբ, քննադատում է Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանը։

«Եվ սա նշանակում է, որ պետությունը այդպես է վերաբերվում մարդու իրավունքների պաշտպանությանը ընդհանրապես։ Եթե կարևորեին, այդ ինստիտուտի նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունք չէր լինի», - փաստարկեց Թովմասյանը։

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

Հատկապես այս փուլում պաշտպանի խիստ կարիք կա, ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է, մարդիկ տարրական իրավունքներից զրկված են, միջազգային կառույցների հետ ակտիվ աշխատանք է անհրաժեշտ. - «Այսինքն՝ տեղի են ունենում իրադարձություններ, որ օմբուդսմենի արձագանքը և օմբուդսմենի գրասենյակի գործունեությունը խիստ կարևոր է։ Իսկ հիմա մեր օմբուդսմենի գրասենյակն անգլուխ է»։

Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթությամբ թեկնածուն։ Ինչո՞ւ իշխող ուժը չի առաջադրում թեկնածու։ Պետաիրավական հանձնաժողովի իշխանական անդամ Վիգեն Խաչատրյանի վարկածներից մեկն այն է, որ գուցե թեկնածու չեն գտնում. - «Պետք ա ենթադրել, որ էրկու տարբերակ կա։ Կա'մ թեկնածու չկա, կա'մ շատ կան, պիտի կողմնորոշվեն»։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիրը» չի էլ քննարկում հարցը, ասում է Խաչատրյանը՝ այդուհանդերձ հավելելով. - «Բայց կարծում եմ, շուտով կլինի։ Երևի մոտ օրերս կլինի»։

Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո խմբակցության ղեկավարը դիմել է պատգամավորներին, թե թեկնածուներ առաջարկեք։ Բայց ՔՊ-ականներն առանձնապես չեն ակտիվացել։ Բարձրագույն կրթությամբ ու հանրության շրջանում հեղինակություն վայելող թեկնածու Խաչատրյանն էլ չի չունի։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները թեկնածու առաջադրելու մտադրություն դեռ չունեն։ Չնայած պնդում են, թե ցուցակ ունեն։ Ընտրվելու հավանականություն գրեթե չկա, ընդդիմության ձայները բավարար չեն։ Ընդդիմադիրների առաջարկը հավանական թեկնածուների համար գրավիչ չէ։

«Պիտի ցանկացած թեկնածուի համոզի առաջադրվել՝ պայմանով, որ ոչինչ, վատ չզգաս, բայց կարող ա չընտրվես։ Այսինքն՝ որոշիչ դեր ունի իշխանությունը, և հետևաբար իշխանության թեկնածուն շատ ավելի մեծ շանսեր ունի ընտրվելու օմբուդսմեն, քան ընդդիմության թեկնածուն։ Այս մասում ընդդիմությունը լուրջ դժվարություններ ունի», - նշում է Թագուհի Հակոբյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով, պաշտպանի թափուր պաշտոնում նոր թեկնածուի ընտրությունը պետք է լինի մեկ ամսվա ընթացքում։ Սահմանադրությամբ այդ ժամկետը մինչեւ երեք ամիս է։ Հակասություններ կան օրենքներում ժամկետի առումով։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը այսօրվանից շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որ այս հակասությունները հարթվեն, ու հստակ լինի պաշտպանի ընտրության վերջնաժամկետը. - «Ես օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել այս մասով, որպեսզի երեք օրենքը խոսեն միևնույն լեզվով»։

ՄԻՊ պաշտոնը թափուր է հունվարի 24-ից։ Քրիստիննե Գրիգորյանն ուղիղ մեկ տարի պաշտոնավարեց։ Հայտարարեց, թե թողնում է պաշտոնը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Ըստ մամուլի՝ Գրիգորյանը բարձր պաշտոնի առաջարկ է ստացել։

XS
SM
MD
LG