Մատչելիության հղումներ

Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս արագ լավագույն թեկնածուն գտնենք. Թորոսյանը՝ ՄԻՊ-ի մասին


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ընդունում է, որ առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգի սկզբնական տարբերակում խնդիրներ են եղել:

«Այն, ինչ սկսել էինք մշակել, և փաստացի չստացվեց հենց այդ տարբերակով հաստատել, ես ինքս անցյալ տարի հասկացա, որ մենք սխալ ճանապարհով էինք գնում, այսինքն՝ այդ մեր առաջարկը հարկ առաջարկելու և ամբողջությամբ ներդնելու այդքան էլ իրատեսական չէր՝ հաշվի առնելով մեր հարկատնտեսային քաղաքականությունը: Ասել եմ, որ պետք է մտածել ընդհանուր հարկերից հավաքված միջոցներով առողջապահության ֆինանսավորումն էականորեն ավելացնելու մասին», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ երկրորդ առաջարկը փուլային ներդրումն է:

Արսեն Թորոսյանը նշեց, որ նոր հայեցակարգում որոշ կետեր տարօրինակ էին իր համար, նաև մեծ ռիսկեր է տեսել համակարգի իրագործելիության տեսանկունից՝ կապված նրա հետ, որ բոլոր քաղաքացիները պետք է վճարեն ֆիքսված գումար:

«Եթե ապահովագրությունը ճիշտ չի ներդրվում ի սկզբանե, կարող է ավելի մեծ պրոբլեմներ առաջացնել, քան թե լուծել այսօրվա եղած հարցերը, դրա համար կարծում եմ, որ պետք է մի քիչ դանդաղ շտապենք այս հարցում», - նշեց նա:

Նախկին նախարարի խոսքով՝ այդ դեպքում հնարավոր կլինի ամեն փուլի վերջում գնահատել փուլի արդյունավետությունը, որը հնարավորություն կտա ամեն փուլի ավարտին նայել նախկինի սխալները:

Բժիշկների մտահոգությունները, որ թանկարժեք վիրահատություններից իրենք քիչ գումար են ստանում, որովհետև հաճախ մասնավոր ապահովագրությունները գումարի որոշ մասը չեն փոխանցում, արդյոք այս ռիսկը մնալո՞ւ է, թե ոչ, Արսեն Թորոսյանն ասաց, որ մասնավոր ապահովագրությունների հիմնական նպատակը գումար աշխատելն է՝ դրանք ֆինանսական ընկերություններ են, ոչ թե առողջապահական:

«Առաջին փուլում բոլոր եղած ծառայությունների գների վերանայում պետք է իրականացվի, սովորաբար դրանք աճում են, որովհետև որևէ բարձր գին մենք չունենք այս պահին», - նկատեց նա:

Ես ինքս էլ ափսոսում եմ. պատգամավորը՝ ՄԻՊ թեկնածու դեռևս չունենալու մասին

«Ես ինքս էլ եմ ափսոսում այդ առիթով, այնպես չէ, որ երջանիկ եմ, որ չունենք: Ամեն ինչ անում ենք, ջանքեր ենք ներդնում, որ հնարավորինս արագ լավագույն թեկնածուն գտնենք՝ այդ կարևոր ինստիտուտը աշխատել շարունակելու համար», - ասաց իշխանական պատգամավորը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի թեկնածու չունենալու մասին հարցին:

Նա նշեց՝ քանի որ կառույցն անձի շուրջ է ձևավորված, այդ մարդու անձը շատ կարևոր է, և փորձում են օրենքով սահմանված կարգով լրացնել:

«Բազմաթիվ թեկնածուների մենք ինքներս ենք դիտարկել, մեր մյուս գործընկեր այլ պատգամավորներն էլ, այսինքն՝ ամբողջ իշխանությունը փնտրում է: Եղել են մարդիկ, որ չեն ուզեցել իրենց մասնավոր գործը թողնեն, եղել են մարդիկ, որ մենք չենք ուզեցել: Ես անձամբ չունեմ {թեկնածու}: Ես ունեցել եմ, որը չի հաստատվել, ընդհանուր հավանության չի արժանացել, ինչի հետ ես հաշտ եմ», - ասաց նա:

Հերքում է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քննարկումները

Արսեն Թորոսյանը հերքեց տեղեկությունները, թե խմբակցությունում քննարկվել է հարցը, համաձայն որի՝ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնելու խորհրդարան՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Նա տխրահռչակ որակեց Հաշվեքննիչ պալատի հրապարակած տվյալները իր ղեկավարության ժամանակ առողջապահական գերատեսչության չարաշահումների մասին. «Քովիդի վերաբերյալ գործի մասին բազմիցս խոսել եմ, տխչահռչակ հաշվեքննության հետքերով, ոչ մասնագետների և ոլորտից անտեղյակ մարդկանց, նաև քաղաքական պատվերի կոմպոնենտներով այդ հաշվեքննության վերաբերյալ: Այնտեղ չարաշահում չկար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG