Մատչելիության հղումներ

Քրիստիննե Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին. խոսնակ


ՄԻՊ-ը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանին։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում դիմումը կրկնի, նրա հրաժարականը կընդունվի։

Ի՞նչ աշխատանքի է անցնելու մոտ մեկ տարի Պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Գրիգորյանը, նրա խոսնակ Ամալյա Մարգարյանը չմանրամասնեց, ասաց. «Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնանք այս թեմայով որևէ մեկնաբանությունից»:

Կան տեղեկություններ, որ Քրիստինե Գրիգորյանն առաջիկայում պետական համակարգում աշխատանքի կանցնի: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հորդորեց սպասել պաշտոնական հաղորդագրությանը՝ չհերքելով այդ տեղեկությունը։

Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց նախորդ տարվա հունվարի 24-ին՝ պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ։ 107 պատգամավորներից 68-ը կողմ էին քվերակել, դեմ՝ ոչ ոք։ Քվեարկությանը չէին մասնակցել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ համարելով նրան բացառապես իշխանության իրավունքների պաշտպան։

«Մնաց միայն ՔՊ-ի Պաշտպանը». Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիմա էլ է նույնը պնդում. «Ասել եմ՝ մնաց միայն ՔՊ-ի Պաշտպանը, որովհետև բազմաթիվ հարցերի շուրջ նա կարող էր դիրքորոշում արտահայտել, բայց խուսափեց, օրինակ՝ նույն այս օրերի ողբերգական դեպքը. չէ՞ որ նա նաև զինծառայողների իրավունքների պաշտպանն է: Եղավ հանրային պահանջ նույնիսկ արձագանքելու, նույն մեր հայրենակիցների, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Արցախում, մեկ-երկու հերթապահ հայտարարություններից ավելի ոչինչ չեղավ»:

Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ Պաշտպանի համագործակցությունը գնահատում է արդյունավետ

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը, որ ղեկավարում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ասաց՝ անակնկալի են եկել Պաշտպանի որոշումից։

«Այս հարափոփոխ վիճակը չի նպաստում այդ կարևոր ինստիտուտի վերջնական զարգացմանը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով՝ հանձնաժողովի հետ Պաշտպանի համագործակցությունը գնահատում է արդյունավետ, իսկ նրա աշխատանքն առհասարակ՝ կիսատ. «Չէի ցանկանա կիսատ թողած աշխատանքին գնահատական տալ, թեպետ նրանից առավել ակտիվություն և առավել շրջահայացություն ակնկալվում էր: Միջազգային ճակատում աշխատանքները, որոնք արվել են, բարձր եմ գնահատում, այլ հարց է դրա արդյունավետությունը: Հանձնաժողովի հետ համագործակցել ենք շատ սերտ, այդ առումով շատ օրինակելի փոխհարաբերություններ են եղել»:

Կարո՞ղ եք անկաշկանդ աշխատել, և ինչպես ընդդիմադիրներն էին պնդում, չլինել միայն ՔՊ-ի Պաշտպանը, այս հարցն էին «Ազատության» օգտատերերն ուղղել նորընտիր ՄԻՊ-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետ:

«Ինձ առաջադրող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի հետ հանդիպմանը որևէ ակնկալիք, անգամ ակնարկ չեմ ստացել, որ իրենց իրավունքները պիտի պաշտպանեմ կամ իրենց հաճո գործունեություն միայն իրականացնեմ: Եղել է գիտակցում, հակառակը, որ այո, ես քննադատելու եմ նաև գործող իշխանությանը», - այդ ժամանակ ասել էր Պաշտպանը:

41-ամյա Գրիգորյանի պաշտոնավարումը համընկավ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման, Լաչինի միջանցքի շրջափակման հետ։ «Ազատության» եթերում իր վերջին հարցազրույցի ընթացքում Գրիգորյանը նշել էր, որ ակտիվ համագործակցել է Արցախի ՄԻՊ-ի հետ, միջազգային բոլոր գործընկերներին գրավոր տեղեկացրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին, լիազորությունների սահմանում նաև սեպտեմբերի 13-ի դեպքերով է զբաղվել, երբ հակառակորդը հարձակել էր Հայաստանի տարածքների վրա։

Մինչ Պաշտպան ընտրվելը Քրիստիննե Գրիգորյաննը 2009-ից եղել է ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական, հետո խորհրդարանի նախագահի իրավական հարցերով օգնականը, 2018-ից հետո՝ փոխվարչապետի խորհրդականը, իսկ 2019-ին նշանակվել է արդարադատության փոխնախարար։

XS
SM
MD
LG