Մատչելիության հղումներ

Շոլցի հայտարարությունը կարևոր է և օգտակար, բայց «պետք չէ շատ ոգևորվել»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունից պետք չէ շատ ոգևորվել և մնտածել, որ սա խոսում է Արցախի վերջնական ինքնորոշման և անկախության մասին, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի հարցով փորձագետ Թաթուլ Հակոբյանը՝ միևնույն ժամանակ կարևոր և օգտակար համարելով Եվրոպական միության ամենաազդեցիկ պետության դիրքորոշումը՝ «հատկապես Ադրբեջանին ձգելու իմաստով»։

Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ավարտին, համատեղ մամուլի ասուլիսում, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորումից, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց․ - «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։

Մեկնաբանելով Շոլցի հայտարարությունը՝ Հակոբյանը նշեց՝ «Եվրոպական միությունն ասում է, որ Ադրբեջանի տարածքում ապրող հայությունը պետք է ունենա որոշակի իրավունքներ և անվտանգության երաշխիքներ»։

«Բայց, կրկնում եմ, այս պայմաններում, երբ որ Ադրբեջանն ընդհանրապես չի ուզում օգտագործել Ղարաբաղ անունը։ Գիտեք, որ հենց պատերազմից հետո Իլհամ Ալիևը տնտեսական մասերի բաժանեց և այնպես ձևափոխեց, որ ընդհանրապես ասում է՝ «Ղարաբաղ միավոր գոյություն չունի», և այս պայմաններում, իհարկե, այսպիսի կարևոր պետությունների նման դիրքորոշումը չափազանց կարևոր է և օգտակար է հատկապես Ադրբեջանին ինչ-որ տեղ ձգելու իմաստով», - ասաց փորձագետը։

Հակոբյանի խոսքով՝ երեք հիմնարար կետերի մեջ միշտ էլ խոսվել է պետությունների տարածքային ամբողջականության ու նաև ազգերի ինքնորոշման իրավունքից, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչքանով են դրանք իրար մեջ տեղավորվում։

«Բնական է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման մասին հայկական ընկալումն այլ է, ադրբեջանականը բոլորովին այլ, միջազգային ընկալումը մի քիչ այլ, և եթե մեր ընկալմամբ, միշտ ինքնորոշման իրավունքը նշանակել է վերջնարդյունքում անկախության կարգավիճակ, ապա միջազգային խաղացողների համար, տվյալ դեպքում նաև Գերմանիայի՝ Եվրամիության շարժիչ ուժի համար, հավանաբար, ամեն դեպքում, նկատի ունեն Արցախի ինքնորոշում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - եզրափակեց Արցախի հարցով փորձագետը։

Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG